Կառավարության որոշումներ

4 Ապրիլի 2013, 520 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով` Հայաստանի Հան-րապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» N 319-Ա որոշման 5-րդ կետի «ա» ենթակետում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`
1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մինչև 2016 թվականը «Դվին» հյուրանոցային համալիրը վերակառուցելու, արդիականացնելու և ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով կատարել 13.6 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում, այդ թվում՝
2013 թվականի ընթացքում՝ 850.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի,
2014 թվականի ընթացքում՝ 3.970.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի,
2015 թվականի ընթացքում՝ 8.780.000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով ներդրում:».
2) ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Գնորդի կողմից սահմանված ժամկետում պայմանագրով նախատեսված հերթական ներդրումն ամբողջությամբ չկատարվելու դեպքում վերջինս պարտավորվում է տվյալ ներդրումը կատարելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:
Յուրաքանչյուր տարվա չկատարված ներդրման մասն ավելանում է ժամանակացույցով սահմանված հաջորդ տարվա ներդրման գումարին և այն սահմանված ժամկետում ամբողջությամբ չկատարելու դեպքում գնորդը պարտավորվում է նախատեսված ժամկետի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:
Ժամանակացույցով սահմանված ներդրումների կատարման վերջնական ժամկետի ավարտից հետո (մինչև ներդրումների ամբողջական կատարումը) գնորդը պարտավոր է յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել տուգանք՝ չկատարված ընդհանուր ներդրումների գումարի 6 տոկոսի չափով:
Ժամանակացույցով սահմանված վերջնական ժամկետի ավարտից հետո պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու դեպքում, գնորդը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից առաջարկվող նոր ներդրողին օտարել «Դվին» հյուրանոցային համալիրը (շենք, շինություններ, ինչպես նաև 2004 թվականի մայիսի 14-ին կնքված N 686-Ու առուվաճառքի (մասնավորեցման) պայմանագրի 7.1-ին կետով նախատեսված հողատարածքներ) կամ նշված «Դվին» հյուրանոցային համալիրի սեփականատեր հանդիսացող ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասի, մասնակցության) 100 տոկոսը կամ դրանց մի մասը (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության պահանջի)՝ միջազգային ճանաչում ունեցող անկախ գնահատողի կողմից գնահատված բաժնետոմսերի լիկվիդային շուկայական արժեքից 20 % նվազեցված գնով (ներառյալ բոլոր տեսակի հարկերը): Բաժնետոմսերի վաճառքի գինը պետք է նվազեցվի նաև գնահատման ծախսերի չափով: Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան առաջարկություն ներկայացնելը գնորդը կարող է բաժնետոմսերն օտարել իր նախընտրած ներդրողին:
Գնորդը պարտավոր է բաժնետոմսերի վաճառքի գումարից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել ժամանակացույցով սահմանված ներդրումները չկատարելու հետևանքով առաջացած և սահմանված ժամկետում չվճարված տուգանքը, եթե այն առկա է:
Նոր ներդրողն ստանձնում է պայմանագրով նախատեսված գնորդի պարտավորությունները, այդ թվում՝ մինչև ներդրումների ամբողջությամբ կատարումը յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սահմանված կարգով և չափով տուգանքի վճարումը:»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում մասնավորեցման պայմանագրում կատարել սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան փոփոխություններ:

 

Արխիվ

2024

2023