Կառավարության որոշումներ

27 Հունիսի 2013, 780 - Ա

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Դարպասի արտադրամաս»-ի գույքը (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դարպասի համայնքում գտնվող` 2197.45 քառ. մետր մակերեսով անշարժ գույք և այլ հիմնական միջոցներ) (այսուհետ՝ գույք) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել գույքի զբաղեցրած հողատարածքի վարձակալ «ՎԱԲԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ գնորդ) (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, Թումանյան 12 ):
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2012 թվականի դեկտեմբերի 3-ին գնահատված արժեքը` 30 481 հազ. դրամ.
2) ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա գույքի վաճառքի գինը`
15 000 հազ. դրամ.
3) որ գնորդին է մասնավորեցվում նաև գույքին հատկացված 0.448 հեկտար մակերեսով հողամասը` իր կադաստրային արժեքով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գույքի վաճառքի գումարի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 706 164 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
1) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) 2014-2015 թվականներին կատարել 2 000 հազ. դրամի ներդրումներ՝ յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
3) 2014 թվականի մայիս ամսվանից առնվազն 5 տարի ժամկետով ապահովել արտադրամասի գործարկումը, ինչպես նաև առնվազն 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր տարի առնվազն 6 ամիս ժամկետով ստեղծել 20 աշխատատեղ՝ առնվազն 60 000 դրամ ամսական աշխատավարձով:
4. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի
կառավարման վարչության անվամբ բացված «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից մուտքեր» հաշվի համարին:
 

Արխիվ

2024

2023