Կառավարության որոշումներ

29 Օգոստոսի 2013, 917 - Ա

«ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 72 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ, 685-րդ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 25-րդ հոդվածների, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետի և 5-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
2. Առաջարկել Երևանի քաղաքապետին «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչների:
3. Սահմանել, որ`
1) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելու, առկա դրությամբ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Հերացու 2 հասցեում գտնվող 1665 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 8 359 000 դրամ սկզբնական արժեքով անշարժ գույքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.253 հեկտար հողատարածքը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին (այսուհետ՝ hիմնադրամ), hիմնադրամի կողմից ներկայացված ծրագրով սահմանված ժամկետով՝ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) լուծարման հանձնաժողովի հետ երկամսյա ժամկետում կնքել «Երևանի Հրաչյա Աճառյանի անվան N 72 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի նոյեմբերի 8-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման
N 116/0012 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքի դադարման պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` սահմանելով, որ պայմանագրից ծագող գույքային իրավունքի պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ հիմնադրամի միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023