Կառավարության որոշումներ

13 Սեպտեմբերի 2013, 990 - Ա

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, 9-րդ հոդվածի և «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ ակադեմիա):
2. Սահմանել, որ ակադեմիայի գործունեության նպատակներն են՝
1) դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մեջ դատավորի կամ դատախազի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հմտությունների ձևավորումը, մասնագիտական գիտելիքների ընդլայնումը.
2) դատավորների, դատախազների և դատավորների թեկնածությունների ցուցակում ընդգրկված` ակադեմիայի շրջանավարտ անձանց, դատական ծառայողների, դատախազության աշխատակազմում պետական ծառայողների, դատական կարգադրիչների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումը.
3) դատավորների, դատախազների, դատավորների և դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց կրթական ծրագրերի աստիճանական մերձեցումը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը:
3. Սահմանել, որ ակադեմիան, որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, կարող է իրականացնել՝
1) իր գործունեության և նպատակների իրականացման համար անհրաժեշտ հետազոտություններ.
2) իր գործունեության և նպատակների շրջանակում հրատարակչական, տպագրական գործունեություն և դրա արդյունքների իրացում.
3) արդարադատության իրականացմանը նպաստող մասնագիտությունների համար վերապատրաստման ծրագրեր.
4) ակադեմիայի անձնակազմի և ունկնդիրների համար հանրային սննդի կազմակերպում:
4. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ վերջինիս վերապահելով հիմնադրի՝ «Արդարադատության ակադեմիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորությունները:
5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ «Արդարադատության ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունն ակադեմիայի կառավարման խորհրդի կողմից ստանալուց հետո մեկամսյա ժամկետում այն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ «Դատաիրավական բարեփոխումներ երկրորդ» ծրագրի շրջանակներում ձեռք բերված և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տիրապետման տակ գտնվող գույքը, ակադեմիայի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում, անժամկետ ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ակադեմիային՝ համաձայն հավելվածի, նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ակադեմիայի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ակադեմիայի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրից բխող նոտարական վավերացումը և գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացվելու են «ակադեմիայի հաշվին:
8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ու ակադեմիային` ակադեմիայի պետական գրանցումից հետո երկամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման հավելվածում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի կողմից 2007 թվականի օգոստոսի 27-ի N 3097 որոշման հիման վրա տրված Երևանի Փիրումյանների փողոցի N 9 հողամասի նկատմամբ անհատույց (մշտական) օգտագործման իրավունքի պետական գրանցումը:

Հավելված

Արխիվ

2024

2023