Կառավարության որոշումներ

5 Սեպտեմբերի 2013, 989 - Ա

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լուծել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի և «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված վարձակալության պայմանագիրը` «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված` OJ100208 գույքային ծածկագրով, 215.113.920 դրամ սկզբնական արժեքով (զրոյական վերջնական մնացորդային արժեքով) գույքի՝ Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով L=3863 գծամետր խողովակաշարի մասով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 8-ի N 175-Ն որոշման հավելվածների համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնված գույքի ցանկում կատարելով համապատասխան փոփոխություն:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված` անկախ գնահատողի կողմից 2013 թվականի հունիսի 14-ին մեկ գծամետրը 70000 դրամ գնահատված արժեքով գույքն օտարել մրցույթով:
3. Սահմանել մրցույթով օտարման ենթակա գույքի մեկ գծամետրի նվազագույն գինը` գնահատված արժեքի 75 տոկոսի չափով՝ 52500 դրամ (ընդհանուր գինը` 202.807.500 դրամ):
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
1) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարն իր միջոցների հաշվին, համաձայն «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության` սահմանված կարգով կազմած նախագծանախահաշվային փաստաթղթերի, այլ տրամաչափի խողովակներով փոխարինելը, որը կծառայի որպես ջրամատակարարման համակարգ.
2) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի` սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված այլ տրամաչափի խողովակներով փոխարինման աշխատանքների իրականացման ժամկետները.
3) այն առավելագույն գինը, որը սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված աշխատանքների իրականացումից հետո մրցույթի հաղթողը պատրաստ է վճարել.
4) նոր խողովակաշարի կառուցումը և հետո միայն սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի ապամոնտաժումը և քանդումը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին`
1) շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ այդ աշխատանքներում անհրաժեշտության դեպքում ներգրավել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ աշխատանքների ավարտից հետո նոր խողովակները սահմանված կարգով ընդունել որպես նվիրաբերություն և վարձակալության հանձնել «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը.
2) ապահովել սույն որոշման 1-ին կետում և 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված վարձակալության պայմանագրերի և նվիրաբերության պայմանագրի կնքումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել մրցույթի անցկացումը.
2) մրցույթի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին կատարել սույն որոշման 4-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերում նշված աշխատանքները։
7. Սահմանել, որ`
1) սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը փոխանցվում է «Բյուջետային հիմնարկների հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների (բացառությամբ շենքերի և շինությունների) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին.
2) նոր ջրային համակարգի կառուցման նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողությունն ապահովում է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը` իր այլ միջոցների հաշվին.
3) սույն որոշման 1-ին կետում նշված Արարատյան 1-ին հերթի d=1220 մմ տրամագծով խողովակաշարի վերջնական չափերը կճշգրտվեն փաստացի քանդման և տեղափոխման արդյունքներով:
8. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից` որպես ընթացիկ դրամաշնորհ կրեդիտորական պարտավորությունների (այդ թվում` ջրառի, էլեկտրաէներգիայի, աշխատավարձի և հարկերի գծով) մարման նպատակով ոռոգման համակարգի կազմակերպություններին տրամադրելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի տարեկան ծրագրային ցուցանիշների` սույն որոշման 4-րդ կետի 3-րդ ենթակետում նշված գումարի չափով մուտքերի ավելացման վերաբերյալ:

 

Արխիվ

2024

2023