Կառավարության որոշումներ

19 Սեպտեմբերի 2013, 1014 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 14-րդ և 17-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի ԱՄ-ի կազմից առանձնացված «Բազումի արտադրամաս»-ի գույքը (Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Բազում գյուղի 1-ին փողոցի N 17 հասցեում գտնվող՝ 1472.24 քառ. մետր մակերեսով անշարժ գույք) (այսուհետ` գույք) մասնավորեցնել մրցույթով:
2. Սահմանել`
1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի հունիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը` 30 683 հազ. դրամ.
2) մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 30 683 հազ. դրամ.
3) որ մրցույթի հաղթողին է մասնավորեցվում նաև գույքին հատկացված 6740 քառ. մետր մակերեսով հողամասը` իր կադաստրային արժեքով.
4) մրցույթի հաղթողին (այսուհետ` գնորդ) որոշելու հետևյալ պայմանները`
ա. գույքի համար առաջարկվող գինը,
բ. ներդրումների չափը` տարիների կտրվածքով,
գ. սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և միջին աշխատավարձի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) մրցույթը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
3) գնորդի կողմից առաջարկված գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 812 429 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու օրվանից եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվամբ բացված «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից մուտքեր» հաշվեհամարին:

 

Արխիվ

2024

2023