Կառավարության որոշումներ

9 Հունվարի 2014, 13 - Ն

ԳԼԽԱՎՈՐ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1203-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1341-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը, «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետը, ինչպես նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Արդյունաբերության զարգացման հիմնադրամը ճանաչել Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա՝ Պետական աջակցություն Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման ծրագրի գլխավոր օպերատոր:
2. Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը ճանաչել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ծրագրի իրականացման հետ կապված աշխատանքների և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված համապատասխան տարվա՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացմանը պետական աջակցության ծրագրի միջոցառումների կատարման գլխավոր օպերատոր:
3. Առաջարկել Արդյունաբերության զարգացման հիմնադրամին Գյումրու տեխնոպարկի գործունեության տարեկան ծրագրերի իրականացման նպատակով ձեռք բերված, սույն որոշման հավելվածում նշված 69085.8 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով գույքը (այսուհետ` գույք) նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը՝ այն Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության իրականացման ծրագրի շրջանակում «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից օգտագործելու նպատակով վերջինիս նվիրելու պայմանով:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`
1) Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի նվիրաբերության պայմանագիր.
2) Հայաստանի Հանրապետության անունից որպես նվիրաբերություն ստացած սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը նվիրել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին` վերջինիս հետ կնքելով նվիրատվության պայմանագիր:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 26-ին կնքված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի վարձակալության N 33/010 պայմանագիրը:
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Գյումրի քաղաքի Գայի 1 հասցեում գտնվող անշարժ գույքի շինարարության ավարտից և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցումից հետո` սահմանված կարգով ներկայացնել առաջարկություն այդ անշարժ գույքը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ և կնքել համապատասխան պայմանագիր:
7. Առաջարկել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին մինչև սույն որոշման 6-րդ կետում նշված պայմանագիրը կնքելն ստանձնել Գյումրի քաղաքի Գայի
1 հասցեում գտնվող անշարժ գույքի պահպանությունը:
8. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության
2010 թվականի սեպտեմբերի 16-ի Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամին վարձակալության իրավունքով գույք հանձնելու մասին N 1203-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի Գլխավոր օպերատոր ճանաչելու մասին N 1341-Ն որոշումները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հավելված

Արխիվ

2024

2023