Կառավարության որոշումներ

19 Դեկտեմբերի 2013, 1465 - Ն

«ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ» ԿԵՆՍՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԽՈՒՍՏՈՒՓ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասին, 5-րդ հոդվածի 1-ին մասին, 8-րդ հոդվածի «ե» և «զ» կետերին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 13-րդ և 24-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ դրանում ներառելով «Արևիկ» ազգային պարկը, «Շիկահող» պետական արգելոցը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրու լեռնաշղթայի հարավարևմտյան ճյուղավորության Խուստուփ լեռնազանգվածի անտառային գոտու վերին հատվածի, մարգագետնատափաստանային և մարգագետնային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը, վերարտադրությունը, ինչպես նաև բնական և ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գեղանուշի, Լեռնաձորի, Ճակատենի և Ծավի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող` 6917.60 հեկտար, և համայնքային սեփականություն հանդիսացող` 29.14 հեկտար տարածքում ստեղծել «Խուստուփ» պետական արգելավայրը և հաստատել դրա տարածքի չափը՝ 6946.74 հեկտար:
3. Սույն որոշման 2-րդ կետին համապատասխան` պետական սեփականություն հանդիսացող 6917.60 հեկտար հողերը, այդ թվում` 3925.33 հեկտար անտառային նշանակության, որից` 3604.86 հեկտար անտառ, 38.86 հեկտար թփուտ, 89.42 հեկտար արոտ, 192.19 հեկտար այլ հողեր, 2963.16 հեկտար գյուղատնտեսական նշանակության, որից` 1730.73 հեկտար արոտ, 1232.43 հեկտար այլ հողեր, 0.4 հեկտար գյուղատնտեսական արտադրական հողեր և 28.71 հեկտար ջրային նշանակության հողեր, որից` 28.71 հեկտար գետեր, ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով:
4. Ընդունել սույն որոշման 2-րդ կետում նշված, Լեռնաձորի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 41-Ա որոշմամբ հաստատված 29.14 հեկտար հողերի` Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերությունը և դրա նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումն իրականացնելուց հետո այն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. Հաստատել՝
1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) «Խուստուփ» պետական արգելավայրի՝
ա. կանոնադրությունը՝ համաձայն N 2 հավելվածի,
բ. սահմանների հատակագիծը՝ համաձայն N 3 հավելվածի,
գ. սահմանների նկարագիրը՝ համաձայն N 4 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Զանգեզուր» պետական արգելավայր ստեղծելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 926-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու մասին» N 1187-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 5 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 6 հավելվածի.
3) որոշման 1-ին և 2-րդ կետերում «17368,77» թիվը փոխարինել «25870.64» թվով.
4) որոշման 3-րդ կետում «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը» բառերով:
7. Սույն որոշման N 5 հավելվածում նշված «Զանգեզուր» պետական արգելավայրի ընդլայնված տարածքը, որը գտնվում է Գեղիի, Շենաթաղի, Ձորաստանի, Լեռնաձորի, Բնունիսի, Տաթևի, Նժդեհի, Դաստակերտի և Նոր Աստղաբերդի գյուղական համայքների վարչական սահմաններում, անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի «Շիկահող» պետական արգելոց» պետական հիմնարկը վերակազմակերպելու, «Շիկահող» պետական արգելոցի և «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 926-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 5 հավելվածը շարարդել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 7 հավելվածի.
2) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետում «Շիկահող» պետական արգելոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետի «բ» ենթակետն ու 3-րդ և 4-րդ կետերը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Արևիկ» ազգային պարկ ստեղծելու, «Արևիկ» ազգային պարկի և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունները հաստատելու մասին» N 1209-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածի 20-րդ կետում «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերը փոխարինել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» բառերով.
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը, 4-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ ենթակետերը և 6-րդ կետը:
10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 18-ի «Արգելոցապարկային համալիր» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Արգելոցա-պարկային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1046-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետից հանել «Սև լիճ», իսկ 3-րդ կետի «բ» և «գ», 6-րդ կետի «բ» ենթակետերից ու որոշման N 1 հավելվածի 4-րդ կետից՝ «և «Սև լիճ» բառերը.
2) որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում «արգելավայրերի» բառը փոխարինել «արգելավայրի» բառով:
11. Սահմանել, որ՝
1) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմա-կերպության գործունեության առարկան և նպատակը «Արևիկ» ազգային պարկի, «Շիկահող» պետական արգելոցի, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, դիտանցի, բնության տարեգրության վարման ապահովումը, ինչպես նաև ազգային պարկի, արգելոցի և արգելավայրերի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է.
2) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա. գիտաճանաչողական զբոսաշրջության, այդ թվում՝ էկոզբոսաշրջության կազմակերպում,
բ. գիտական և գիտաճանաչողական գրականության և տեղեկատվական նյութերի պատրաստում ու հրատարակում,
գ. բնակչության էկոլոգիական կրթության ու դաստիարակության համար նախադրյալների ապահովում,
դ. էկոլոգիական և գիտաճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,
ե. գովազդի կազմակերպում,
զ. տեղեկատվության տրամադրում և խորհրդատվություն,
է. կենսառեսուրսների, այդ թվում՝ բույսերի և կենդանիների տեսակների, անտառային ռեսուրսների վերարտադրություն, օգտագործում և իրացում,
ը. բնափայտի, այդ թվում` երկրորդական անտառանյութի (կոճղերի) մթերում, վերամշակում և իրացում,
թ. կողմնակի անտառօգտագործում (խոտհունձ, անասունների արածեցում, փեթակների և մեղվանոցների տեղադրում, վայրի պտղի, ընկույզի, սնկի, հատապտղի, դեղաբույսերի ու տեխնիկական հումքի հավաքում) և դրա արդյունքում մթերված կենսապաշարների վերամշակում ու իրացում,
ժ. գյուղատնտեսական մթերքների արտադրություն, վերամշակում և իրացում,
ժա. հանգստի և ճանաչողական զբոսաշրջության հետ կապված սպասարկման ծառայությունների մատուցում,
ժբ. անշարժ և շարժական գույքի` վարձույթով ժամանակավոր օգտագործման տրամադրում,
ժգ. հուշանվերների արտադրություն և ցուցահանդես-վաճառքների կազմակերպում.
3) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության ու անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ «Շիկահող» պետական արգելոց» և «Արևիկ» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված ամբողջ գույքը, ինչպես նաև դրանց և «Սև լիճ», «Խուստուփ» պետական արգելավայրերի համապատասխան տարածքները՝ ըստ անտառաշինական և հողաշինարարական նախագծերի.
4) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է:
12. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության` «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:
13. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության ստեղծման աշխատանքների իրականացումը և պետական գրանցումը.
2) «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ընդգրկված արգելոցի, արգելավայրերի և ազգային պարկի հողատարածքների անտառաշինական և հողաշինարարական քարտեզների հիման վրա` մեկ տարվա ընթացքում` սահմանված կարգով ապահովել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ընդգրկված ազգային պարկի, արգելոցի, արգելավայրերի տարածքների քարտեզագրումը, դրանց պահպանական գոտիների սահմանների ճշտումը և դրանց` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատումից հետո` հողամասերի ու ամրացված այլ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը.
3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`
ա. մեկ տարվա ընթացքում ապահովել սույն որոշումից բխող այլ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունների և լրացումների կատարումը,
բ. եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ համաձայնեցնելով, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ,
գ. մեկ տարվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերում նշված հողերի փոխադրումը հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա:
14. «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցման ծախսերը կատարել «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության հաշվին:
15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023