Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2014, 16 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերի հաշվարկման, պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարվող վերաբաշխումների կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 25-ի N 773 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը 2014 թվականի համար կազմում է 16876.0 հազ. դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը), որը հետագա տարիներին ենթակա է վերահաշվարկման` ելնելով ընթացիկ ցուցանիշներից:
101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից և, աշակերտների թվից ելնելով, ըստ դպրոցների հաշվարկված ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից:».
2) 2-րդ կետը «դպրոցների համար» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև, աշակերտների թվից ելնելով, մինչև 100 աշակերտ, 101-ից մինչև 300 աշակերտ, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թիվը:» բառերով.
3) 3-րդ կետը և այդ կետով հաստատված հավելվածը ճանաչել ուժը կորցրած.
4) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության մարզպետներին (Երևանի քաղաքապետին) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում, անհրաժեշտության դեպքում, իրենց ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում կատարել վերաբաշխումներ` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Արխիվ

2024

2023