Կառավարության որոշումներ

16 Հունվարի 2014, 78 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով ու 5-րդ կետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների N 16 հասցեում գտնվող` 183324000 դրամ շուկայական արժեքով, 1620,9 քառ. մետր մակերեսով մասնաշենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ 0,14128 հեկտար հողամասը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 50 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Կապանի քաղաքային համայնքին` իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում «Կապանի թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2011 թվականի դեկտեմբերի 14-ին կնքված N 146/0011 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի չափով լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Կապանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում Կապանի քաղաքային համայնքի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում նախատեսելով, որ Կապանի քաղաքային համայնքը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի կապիտալ վերանորոգման և գույքով ապահովելու համար առաջին հինգ տարում կատարել 150.0 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն հավելվածի.
3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ներդրումները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում Կապանի քաղաքային համայնքը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում, Կապանի քաղաքային համայնքը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով:
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Կապանի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

Հավելված

Արխիվ

2024

2023