Կառավարության որոշումներ

20 Փետրվարի 2014, 166 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1005-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1005-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածի 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կոմիտեի ներքին անվտանգության վարչության պաշտոնները մաքսային ծառայության պաշտոններ են, որոնցում նշանակումները «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան կատարվում են առանց մրցույթի՝ կոմիտեի նախագահի կողմից:».
2) որոշման N 2 հավելվածի «I. Վերադաս մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ» 1-ին բաժնում «Ռազմավարական ծրագրավորման վարչություն» բառերը փոխարինել «Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչություն» բառերով.
3) լուծարել հատուկ բաժինը.
4) ստեղծել ներքին անվտանգության վարչություն.
5) Մասիսի, Արտաշատի և Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունները միացման ձևով վերակազմակերպել՝ Արտաշատի տարածքային հարկային տեսչության և Էջմիածնի տարածքային հարկային տեսչության.
6) Մարտունու տարածքային հարկային տեսչությունը միացման ձևով վերակազմակերպել՝ այն միացնելով Գավառի տարածքային հարկային տեսչությանը:
2. Այդ կապակցությամբ որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի փետրվարի 25-ից՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 5-րդ, 6-րդ ենթակետերի և 2-րդ կետով սահմանված տարածքային հարկային տեսչություններին վերաբերվող մասերի, որոնք ուժի մեջ են մտնում 2014 թվականի մարտի 10-ից:


Հավելված

Արխիվ

2024

2023