Կառավարության որոշումներ

13 Փետրվարի 2014, 265 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ,ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 112-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով և 6-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասակարգված ըստ նշանակության` համաձայն հավելվածի:
2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի «ա», «զ» և «է» կետերով վերապահված իրավասությունների մասով պետական կարգավորման մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական ճանապարհային մարմին սահմանել`
1) կառավարման մասով` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը.
2) տնօրինման մասով`
ա. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը` սույն որոշման հավելվածում նշված միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մասով՝ բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող՝ այդ ճանապարհների մաս հանդիսացող հատվածների,
բ. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` սույն որոշման հավելվածում նշված համապատասխան մարզային նշանակության ավտոճանապարհների մասով:
4. Սահմանել, որ`
1) Երևան քաղաքի տարածքում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետի տնօրինման և կառավարման ներքո` բացառությամբ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով նախատեսված ծրագծի մաս հանդիսացող ճանապարհահատվածների.
2) Գյումրի, Վանաձոր, Կապան, Իջևան, Վաղարշապատ և Արմավիր քաղաքների տարածքներում գտնվող` Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածների միայն երթևեկելի մասի ծածկի ընթացիկ նորոգման և ձմեռային պահպանության աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կողմից:
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 10-ի «Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պետական կառավարման մարմին սահմանելու, ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 14-ի N475-Ն և 1997 թվականի հոկտեմբերի 16-ի N 445 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 112-Ն որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023