Կառավարության որոշումներ

13 Մարտի 2014, 320 - Ա

«ՔՎԱՆՏ» ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի, 68-րդ հոդվածի 7-րդ կետի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի դրույթները, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրա-պետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 805-Ն որոշմամբ սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 10-ի N 304-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող` 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 5585.2 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով շինություններով և դրանց սպասարկման համար անհրաժեշտ` 494.85 քառ. մետր հողամասով (այսուհետ` անշարժ գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարումից հետո` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերված` սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին՝ ապահովելով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը:
5. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող` 2859.52 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.208041 հեկտար հողամասը հետ վերցնել «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա
ժամկետում «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2013 թվականի ապրիլի 5-ին կնքված N 48/0013 ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիրը սույն որոշման 5-րդ կետում նշված գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր՝ սահմանելով, որ համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/3 հասցեում գտնվող` 24998.0 հազ. դրամ գնահատված արժեքով, 308.9 քառ. մետր ընդհանուր մակերեսով շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ` 494.85 քառ. մետր մակերեսով հողամասը, Բագրատունյաց 23/4 հասցեում գտնվող` 160365.0 հազ. դրամ գնահատված արժեքով, 2859.52 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.208041 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք 1) անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Քվանտ» ուսումնագիտական կոոպերատիվին (այսուհետ՝ կազմակերպություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Բագրատունյաց 23):
8. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Բագրատունյաց 23/2 հասցեում գտնվող` 335667.0 հազ. դրամ գնահատված արժեքով, 2334.2 քառ. մետր մակերեսով շենքը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ` 0.2776 հեկտար հողամասը (այսուհետ՝ գույք 2), բացառապես հանրակրթական նպատակներով օգտագործելու նպատակով, նվիրաբերել կազմակերպությանը:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 4-րդ և 6-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել`
1) սույն որոշման 7-րդ կետում նշված գույք 1-ի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գույք 1-ի վերանորոգման, գույքի ձեռքբերման, ինչպես նաև «Երևանի Հ. Ավետիսյանի անվան Հ. 74 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության մարզադահլիճի և սանհանգույցների վերանորոգման նպատակով կազմակերպությունը պարտավոր է երեք տարվա ընթացքում կատարել 39 մլն դրամի ներդրումներ` յուրաքանչյուր տարի հավասարաչափ.
2) սույն որոշման 8-րդ կետում նշված գույք 2-ի նվիրաբերության մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ`
ա. համաձայն ներկայացված ներդրումային ծրագրի` կազմակերպությունը պարտավոր է գույքի վերանորոգման, գույքի ձեռքբերման, ուսման վարձերի փոխհատուցման համար հինգ տարվա ընթացքում կատարել 58 մլն դրամի ներդրումներ՝ համաձայն հավելվածի,
բ. սույն ենթակետի «ա» պարբերության մեջ նշված ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում ներդրումային ծրագրի կատարումը բարելավելու համար սահմանվում է մեկ տարի ժամկետ,
գ. երկու տարի շարունակ ներդրումային ծրագրի բացասական ընթացիկ գնահատականի դեպքում նվիրաբերողը միջոցներ է ձեռնարկում նվիրաբերությունը վերացնելու համար, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին,
դ. կազմակերպության սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև լուծարման դեպքում նոր սեփականատիրոջն է փոխանցվում նվիրաբերության պայմանի կատարման պարտավորությունը,
ե. անշարժ գույքը նվիրաբերության պայմանին անհամապատասխան օգտագործելու դեպքում նվիրաբերողը կամ նրա իրավահաջորդն իրավունք ունի պահանջելու նվիրաբերության վերացում, որի արդյունքում անշարժ գույքը վերադարձվում է նվիրաբերողին կամ նրա իրավահաջորդին:
10. Սահմանել, որ`
1) անհատույց օգտագործման և նվիրաբերության մասին պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` կազմակերպության միջոցների հաշվին.
2) կազմակերպությունը պարտավոր է ընկերությանը փոխհատուցել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար վերջի-նիս կողմից կատարված` 5585.2 հազ. դրամ ծախսերը.
3) ընկերության կանոնադրության փոփոխությունը պետական գրանցման ներկայացնելու հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:
11. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշման 9-րդ կետի 1-ին ենթակետում նշված ներդրումները կազմակերպության կողմից կատարվելուց հետո` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 7-րդ կետում նշված գույք 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույք նվիրաբերելու կարգը հաստատելու մասին» N 805-Ն որոշմամբ սահմանված կարգով կազմակերպությանը նվիրաբերելու վերաբերյալ:

Հավելված

Արխիվ

2024

2023