Կառավարության որոշումներ

26 Հունիսի 2014, 672 - Ն

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածը և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 18-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության վերականգնման միջոցառումներ իրականացնելու նպատակով՝ նշված կազմակերպությանը Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեից 2014 թվականի ինն ամսում տրամադրել 200,000.0 հազ. դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)՝ մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը մարման ժամկետով, առանց գրավի և տարեկան 0,001 տոկոս տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսագումարների մարումը վարկի վերջնաժամկետում իրականացնելու պայմանով:
2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետով նախատեսված վարկի տրամադրման մասին համապատասխան պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել հսկողություն «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից բյուջետային վարկի մարման նկատմամբ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023