Կառավարության որոշումներ

7 Օգոստոսի 2014, 832 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:
2. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող 3677.6 քառ. մետր շենքը և դրա զբաղեցրած 0.2645 հա հողամասն ամրացնել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի աշխատակազմ» պետական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ կազմակերպել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գույքի հանձնման-ընդունման աշխատանքները:
4. Երևանի Մամիկոնյանց 46/5 հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի վարչական օբյեկտի հիմնանորոգման ծրագրի իրականացման և գրասենյակային գույքի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին 2014 թվականի ինն ամսում հատկացնել 1,000,000.0 հազ. դրամ, որից՝ 880,000.0 հազ. դրամը` վարչական օբյեկտի հիմնանորոգման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), 120,000.0 հազ. դրամը՝ գրասենյակային գույքի ձեռքբերման համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին սույն որոշման 4-րդ կետի համաձայն հատկացված գումարներով գնումներն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հայտարարելու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցված գնումների պլանի համաձայն:
6. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման համար Հայաստանի Հանրապետությանը լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարում կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2014 թվականի ինն ամսում հատկացնել 765,130.9 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ ապահովել «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով 765130900 հատ, յուրաքանչյուրը 1 դրամ անվանական արժեքով լրացուցիչ բաժնետոմսերի թողարկումը և անվանական արժեքով տեղաբաշխումը Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի, բաժնետոմսերը մուտքագրելով «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշիռ:
8. «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությունից «ՖՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը գնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 1,058,539.1 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին բաժնետոմսերի և այլ մասնաբաժինների ձեռքբերում» հոդվածով):
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) «Սալսա Դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել «ՖՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (գրանցման համարը` 264.110.06911, ՀՎՀՀ` 00010459) կանոնադրական կապիտալի 100 տոկոս կազմող 61,355,288 դրամ անվանական արժեքով մեկ բաժնեմասի առուվաճառքի պայմանագիր և Հայաստանի Հանրապետության կառավարությանը գրանցել իրավաբանական անձանց ռեգիստրի կողմից վարվող ընկերության մասնակիցների գրանցամատյանում` որպես «ՖՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 100 տոկոս մասնակից.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանը որպես «ՖՈԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակից գրանցելուց հետո ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման եղանակով ընկերության ակտիվների կազմից առանձնացնել Երևանի Արաբկիր, Վաղարշյան 13 ա հասցեում գտնվող հասարակական նշանակության 1832 քառ. մետր մակերեսով շենք-շինությունը` զբաղեցրած 0,0588 հա հողամասով հանդերձ, և այն որպես պետական սեփականություն ամրացնել «Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության աշխատակազմ» պետական հիմնարկին՝ գույքի առանձնացման գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնելով «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետին համապատասխան:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023