Կառավարության որոշումներ

28 Օգոստոսի 2014, 923 - Ն

«ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև հաշվի առնելով «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագրի (այսուհետ` ծրագիր) կարևորությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ծրագրի իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված համայնքներում ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ, հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ
նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, ինչպես նաև էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ`
ա. նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները,
բ. նախագիծն անցել է տեխնիկական փորձաքննություն, որը երաշխավորում է նախագծի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական պահանջներին:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող).
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի մարտի 1-ն է.
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
4) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
5) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Պայմանագիր

Արխիվ

2024

2023