Կառավարության որոշումներ

24 Հուլիսի 2014, 974 - Ա

«ՀԱՅԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության ենթակայության «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ պարտավորությունների մարման նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ընկերություն) հետ կնքել պահանջի դիմաց գույք և գույքային իրավունքի ձեռքբերման ու պարտավորությունների մարման մասին պայմանագիր, համաձայն որի սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերության ակտիվներն օտարվում են Հայաստանի Հանրապետությանը՝ դրանց գնի դիմաց որպես վճարում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում սույն որոշման N 2 հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հանդեպ ընկերության քաղաքացիաիրավական բնույթի առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների գնի գումարի չափով:
2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝ թույլատրել «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջև գույքի առուվաճառքի պայմանագրի կնքումը, համաձայն որի «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության սեփականությունը հանդիսացող՝ 7320,8 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 53,27 տոկոս և 983,4 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության 3,5967 տոկոս՝ 8304,2 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով բաժնետոմսերը (այսուհետ՝ գույք) հաշվեկշռային արժեքով օտարվում են «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերությանը, իսկ վերջինս դրա դիմաց հանդիպական պահանջի հաշվանցով մարված է համարում «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության առկա պարտավորությունները՝ ձեռք բերվող ակտիվների պայմանագրային գնի գումարի չափով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրի ստորագրումից հետո «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության 46,73 տոկոս բաժնեմասը և Տեղ-Ստեփանակերտ գազատարը սահմանված կարգով՝ հանձնման-ընդունման ակտով հանձնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և, որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն, գրանցելուց հետո՝
1) «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին.
2) Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Տեղ-Ստեփանակերտ գազատարն ամրացնել «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

 

Հավելված

Արխիվ

2024

2023