Կառավարության որոշումներ

11 Սեպտեմբերի 2014, 1020 - Ն

ԶՎԱՐԹՆՈՑ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ «Ա» ԵՎ «Բ» ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1153-Ն որոշման 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Զվարթնոց օդանավակայանի տարածքում գտնվող՝ քանդման ենթակա Զվարթնոց «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի բնակարանների սեփականատերերի ներկայիս և հատկացվող բնակարանների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) Զվարթնոց «Ա» և «Բ» շենքերի բնակարանների սեփականատերերի հետ Հայաստանի Հանրապետության անունից կնքել վերջիններիս բնակարաններն անհատույց պետությանն օտարելու մասին պայմանագրեր և ապահովել պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումը.
2) Զվարթնոց «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի բոլոր բնակարանների նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը գրանցելուց հետո նշված շենքերը, զբաղեցրած հողամասով հանդերձ, ներառել կոնցեսիոն պայմանագրով «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնված ակտիվների կազմում և Հայաստանի Հանրապետության անունից լիազորել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությանը հանդես գալ որպես կառուցապատող՝ Զվարթնոց «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի քանդման գործառույթների իրականացման համար` քանդման հետ կապված քաղաքաշինական փաստաթղթերի ձեռքբերման, քանդման աշխատանքների իրականացման ֆինանսավորումը «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին իրականացնելու և քանդման աշխատանքները մինչև 2015 թվականի հոկտեմբերի 15-ը ավարտելու պայմանով:
3. Ընդունել ի գիտություն, որ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունը Զվարթնոց «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի այն սեփականատերերի հետ, որոնք իրականացրել են սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրերի կնքման աշխատանքները, կնքում է Երևան քաղաքի Բաբաջանյան 98/2, 98/5, 98/6 շենքերից բնակարանների անհատույց օտարման կամ մասնակի հատուցմամբ օտարման պայմանագրեր, որի հիման վրա բնակչի սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո հանձնման ակտով ընկերությունը հանձնում է բնակարանը ձեռք բերողին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերում նշված պայմանագրերի կնքման հետ կապված ծախսերը (սահմանափակումների միասնական տեղեկանքների ստացման, գործարքների նոտարական վավերացման և ծագող իրավունքների պետական գրանցման) իրականացվելու են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
5. Ընդունել ի գիտություն, որ`
1) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության և քանդման ենթակա` Զվարթնոց «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի սեփականատերերի միջև Երևան քաղաքի Բաբաջանյան 98/2, 98/5, 98/6 շենքերից բնակարանների օտարման գործարքներից ընկերության հարկվող շահույթի հաշվարկման առումով հարկվող եկամուտ է համարվում օտարված տարածքի օտարման զեղչված գինն առանց ավելացված արժեքի հարկի, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքը.
2) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության և քանդման ենթակա` Զվարթնոց «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի սեփականատերերի միջև Երևան քաղաքի Բաբաջանյան 98/2, 98/5, 98/6 շենքերից բնակարանների օտարման գործարքները հանդիսանում են անհատույց կամ մասնակի հատուցմամբ իրացումներ` համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի.
3) «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերության և քանդման ենթակա` Զվարթնոց «Ա» և «Բ» բազմաբնակարան շենքերի սեփականատերերի միջև Երևան քաղաքի Բաբաջանյան 98/2, 98/5, 98/6 շենքերից բնակարանների օտարման գործարքներով տարածքի իրական արժեքի նկատմամբ կիրառված զեղչը բնակարան ստացող ֆիզիկական անձի համար համարվում է պետական մարմնի որոշման հիման վրա գույքի անհատույց տրամադրում և ազատված է եկամտային հարկից` «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 15-րդ կետի համաձայն, ըստ այդմ` օտարող ընկերության մոտ առկա չէ եկամտային հարկի պահման հարկային գործակալի պարտավորություն` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված` ձեռք բերողին ներած պարտավորության տեսքով առաջացող եկամտից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023