Կառավարության որոշումներ

6 Նոյեմբերի 2014, 1244 - Ն

ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 3-Ի ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 18-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված՝ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրի (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր), Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին ստորագրված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 3 (ընդհանուր գործողություններ)» վարկային համաձայնագրի, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագրի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի պահանջները (այսուհետ` ծրագիր)` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Իրականացվող ճանապարհաշինարարական ծրագրերի համար սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների օտարվող մասերի նկատմամբ, որոնք սահմանված են սույն որոշման N 2 հավելվածով (այսուհետ՝ օտարվող սեփականություն), ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է oտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն արդյունավետ ենթատարածաշրջանային տարանցիկ ճանապարհներ, կմեծանան առևտրի շրջանառությունն ու մրցակցությունը, կնվազեն փոխադրումների ծախսերը, կմեծանա շուկաների, աշխատատեղերի և սոցիալական ծառայությունների հասանելիությունը, կզարգանա ենթատարածաշրջանային ու պետական տրանսպորտային ցանցը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման շրջանակներում օտարվող սեփականության oտարման, քանի որ դրանք գտնվում են ծրագրով նախատեսված` կառուցվող ճանապարհի ծրագծի գոտում և անհնար է ապահովել ծրագրով նախատեսված ճանապարհի կառուցումն ու ճանապարհի համար կենսական նշանակություն ունեցող մյուս պայմանները` առանց դրանց օտարման.
3) օտարվող սեփականության նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սույն որոշման N 1 հավելվածում նշված տարածքների սեփականատերերին:
2. Հաստատել`
1) բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկը՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների համար՝ համաձայն N 1 հավելվածի.
2) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների օտարման գոտին՝ Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների համար` համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ`
1) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ձեռք բերող է Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը.
2) սեփականության oտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 2015 թվականի դեկտեմբերի 31-ն է.
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող և պատասխանատու պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունն է.
4) սեփականության oտարման գործընթացն իրականացվում է «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության oտարման մասին», «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և oգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության oրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1274-Ն որոշման պահանջներին համապատասխան.
5) բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի N 1275-Ն որոշմամբ սահմանված կարգով և որոշմամբ հաստատված սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության օրինակելի ձևով:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` մինչև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ժամկետի ավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրերը:
5. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր գործադիր տնօրենին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7 oրվա ընթացքում սույն որոշումը պատշաճ ձևով ուղարկել oտարվող սեփականության սեփականատերերին և oտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հավելված

Արխիվ

2024

2023