Կառավարության որոշումներ

13 Նոյեմբերի 2014, 1273 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1694-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013–2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013–2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1694-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 1 հավելվածում`
ա. 1-4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը (այսուհետ` ռազմավարական ծրագիր) հիմնված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերի, ինչպես նաև այլ միջազգային իրավական փաստաթղթերի վրա, որոնք առնչվում են երեխաների իրավունքների պաշտպանությանը:
2. Երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում վարվող քաղաքականությունն ուղղված է այս ոլորտին վերաբերող` Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կատարելագործելուն` այն համապատասխանեցնելով միջազգային իրավունքի առանցքային փաստաթղթերով սահմանված չափորոշիչներին և սոցիալական պետության սկզբունքներին, երեխաների իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցով ընտանիքի ամրապնդման և երեխայի` ընտանիքում ապրելու գաղափարախոսությունը կյանքի կոչելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրով հաստատված ազգային անվտանգության ռազմավարության առաջնահերթությունների թվին դասվող` մանկության անվտանգության պաշտպանությանն ուղղված նպատակային ծրագրեր մշակելուն և իրականացնելուն:
3. Ընտանիքի ամրապնդման և երեխայի` ընտանիքում ապրելու գաղափարախոսությունը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմքում դնելով հանդերձ` միաժամանակ երեխայի` ժամանակավորապես կամ մշտապես ընտանեկան միջավայրից զրկված լինելու կամ իր լավագույն շահերի տեսանկյունից այդպիսի միջավայրում մնալ չկարողանալու դեպքում այդ քաղաքականությամբ երաշխավորում է երեխայի հատուկ պաշտպանությունը և օգնությունը, այդ թվում` այլընտրանքային և հատուկ խնամք ստանալու իրավունքների իրացումը:
4. Ռազմավարական ծրագրով ամրագրված սոցիալական պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունների և նպատակների վերանայման անհրաժեշտությունը պայմանավորված է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում նախորդ տարիներին կատարված փոփոխությունների դինամիկայով, երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունների (մանկատներ ու երեխաների խնամքի ու պաշտպանության գիշերօթիկ հաստատություններ)` Հայաստանի Հանրապետության կողմից որդեգրած բեռնաթափման քաղաքականության իրականացման, որդեգրման մեխանիզմների հստակեցման և խնամատար ընտանիքների ներդրման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, հատուկ կարիքներ ունեցող, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների կարիքների բավարարմանն ուղղված համայնքային ծառայությունների համակարգի զարգացման հետ կապված խնդիրներով, երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի տարբեր օղակների հաստատությունները երեխաների իրավունքների պաշտպանության և աջակցության ավելի գործուն մարմիններ դարձնելու հրամայականով, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի կատարելագործման պահանջով:»,
բ. 7-29-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Սույն ռազմավարական ծրագրի իմաստով «սոցիալական պաշտպանություն» հասկացությունը ներառում է երեխաների` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պետական կարգավորման (ուղղակի վարչական ենթակայության և մեթոդական ղեկավարման) ոլորտում գործառնող հաստատությունների կողմից լուծման ենթակա հիմնախնդիրների ենթաոլորտը:
8. Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանից ժառանգեց սոցիալական ծառայությունների համակարգ, որտեղ երեխաներն ստանում էին անվճար կրթություն, պոլիկլինիկական, ստացիոնար և առողջարանային բուժում, նպաստ, կրթաթոշակ և այլն: Անկախացումից հետո այդ համակարգը, օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, որոշակի փոփոխություններ կրեց: Նկատի ունենալով այդ փոփոխությունների ծավալները, բնույթը և ուղղվածությունը` Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամքի ու պաշտպանության բնագավառում իրականացվող պետական քաղաքականությունը պայմանականորեն կարելի է բաժանել երեք փուլի:
9. Առաջին փուլ (1991-1995 թվականներ): Այս փուլում վաղ է խոսել երեխայի իրավունքների պաշտպանության ամբողջական համակարգի կամ միասնական պետական քաղաքականության մասին այսօրվա իմաստով, քանի որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս չուներ երեխաների իրավունքների մասին օրենք, իսկ ոլորտը կարգավորվում էր գլխավորապես օպերատիվ խնդիրների լուծմանն ուղղված ենթաօրենսդրական կամ Խորհրդային Միության օրոք ընդունված իրավական ակտերով: Չէին մշակվում նաև երեխաների հիմնախնդիրների լուծմանն ուղղված միասնական քաղաքականության վարման ռազմավարական փաստաթղթեր, այլ արվում էին այս կամ այն հարցի վերաբերյալ օրախնդիր լուծումներ պարունակող քայլեր, մասնավորապես`
1) 1991 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշմամբ որոշակի լուծումներ տրվեցին աշխատող կանանց նախածննդյան և հետծննդյան արձակուրդների հետ կապված հարցերին.
2) 1992 թվականին Հայաստանի Հանրապետությունը միացավ ՄԱԿ-ի «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիային.
3) 1993 թվականին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության կենտրոնական աշխատակազմում ստեղծվեց ընտանիքի խնդիրներով զբաղվող բաժին, որի կանոնադրական գլխավոր նպատակը ընտանիքի քաղաքականության մշակումն ու համակարգումն էր: Նույն թվականին, ընտանիքի միջազգային տարվա նախապատրաստման հետ կապված, մշակվեց ընտանիքի քաղաքականության մի հայեցակարգ, որն այդպես էլ չդարձավ ընտանիքի և երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտում երկարաժամկետ քաղաքականության վարման ռազմավարական փաստաթուղթ և շարունակություն չունեցավ` հետագա իրագործմանն ուղղված իրավական ակտերի ընդունման առումով: Այդ նույն տարում ստեղծվեցին սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները, որոնց կանոնադրական խնդիրների շարքում կարևոր տեղ էր հատկացված երեխաների հիմնախնդիրներին առնչվող գործառույթներին.
4) 1994 թվականին հաստատվեց սոցիալական պաշտպանության կարիք ունեցող բնակչության խմբերի ցանկը, որոնց մեծ մասը կազմում էին երեխաների` սոցիալապես խոցելի տարբեր խմբերը: Այդ տարի Հայաստանի Հանրապետությունը միացավ նաև ՄԱԿ-ի Երեխաների կենսունակությունը, պաշտպանությունը և զարգացումը ապահովելու վերաբերյալ համաշխարհային հռչակագրին:
10. Երկրորդ փուլ (1996-2003 թվականներ): Այս փուլում երեխաների խնամքի ու պաշտպանության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղվեց այս բնագավառի օրենսդրական կարգավորմանն ու օրենքով սահմանված իրավունքների լուծումներ երաշխավորող մեխանիզմների ու ինստիտուցիոնալ ենթահամակարգերի ստեղծմանը, մասնավորապես`
1) 1996 թվականին ընդունվեցին «Երեխաների իրավունքների մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները: Այդ տարի կատարվեցին նաև որոշակի քայլեր` ուղղված երեխաների և ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը, մասնավորապես, որոշ չափով բարձրացվեցին երեխաների նպաստների չափերը` միաժամանակ նպաստառու երեխաների շրջանակը սահմանափակելով 0-6 տարեկաններով.
2) 1997 թվականին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության աշխատակազմում ստեղծվեց ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն, որի առջև ծառացել էին մինչ այդ առաջնային ուշադրության չարժանացած կանանց, մայրության և մանկության պաշտպանության, հատկապես` երեխաների իրավասոցիալական պաշտպանության, երեխաների շրջանում թափառաշրջիկության և մուրացկանության կանխարգելման ու վերացման ուղղությամբ պետական ծրագրերի մշակման և իրականացման հրամայականները: Այդ ժամանակ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության տեղեկատվական շտեմարաններում տվյալներ էին հավաքվել 42 հազար ծնողազուրկ, միայնակ մայրերի 21 հազար, բազմազավակ ընտանիքներում ապրող 40 հազար, ինչպես նաև 7 հազար հաշմանդամ երեխաների մասին: Նշված խմբերի սոցիալական խնդիրների կրողը նաև այդ երեխաների ընտանիքներն էին, ուստի, այս փուլում ևս երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված քաղաքականությունը իր բնույթով ավելի շատ ընտանիքամետ էր: Այդ նկատառումներով` Հայաստանի Հանրապետությունում կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան նպաստի համակարգը ներդնելու մասին» N 727 որոշմամբ գործող նպաստների և փոխհատուցումների համակարգից անցում կատարվեց մեկ միասնական համակարգի` առավել անապահով ընտանիքների նկատմամբ առավել հասցեական և արդյունավետ պետական աջակցության քաղաքականության, որի իրականացման համար Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ապահովության նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 180-Պ հրամանով հաստատվեց սոցիալապես խոցելի խմբերի և դրանց նույնականացումը հաստատող փաստաթղթերի ցանկը.
3) 1998 թվականին ընդունվեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը, որով կարգավորվում են երեխաների իրավունակության և գործունակության հարցերը, իսկ հաջորդ տարի ընդունվեցին «Փախստականների մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, որոնցով, համապատասխանաբար, ամրագրվեցին փախստականների երեխաների իրավունքները, ինչպես նաև սահմանվեցին կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կրթության համակարգի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը և երեխաների կրթության իրավունքը.
4) 1999 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում ներդրվեց աղքատության ընտանեկան նպաստի ծրագիրը, որի հիմքում դրված` կարիքավորության գնահատման համակարգի հետագա կատարելագործումն էլ ավելի ծանրակշիռ դարձրեց երեխաների գործոնի դերն ընտանիքի կարիքավորության վերջնական աստիճանի գնահատման գործում: Այդ նույն տարում հանրապետությունում վերականգնվեցին խնամակալության, հոգաբարձության և որդեգրման հանձնաժողովների աշխատանքները: Սոցիալական որբության կանխարգելման նպատակով բարեփոխվեց որդեգրման գործընթացը, մշակվեցին որդեգրման գործընթացն ապահովող մի շարք իրավական ակտեր, 2003 թվականին ստեղծվեց տեղեկատվական շտեմարան, որում մուտքագրվեցին 2000 թվականից սկսած` կենտրոնացված հաշվառման վերցված` որդեգրման ենթակա երեխաների, որդեգրողների թեկնածուների, ինչպես նաև որդեգրված երեխաների ու որդեգրողների տվյալները.
5) 2002-2003 թվականներին ընդունվեցին երեխաների իրավունքների պաշտանության բնագավառի կարգավորման համար կարևորագույն նշանակություն ունեցող որոշ օրենքներ և օրենսգրքեր («Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը), որոնց միջոցով առաջին անգամ սահմանվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական, կազմակերպական հիմքերը, նպատակներն, սկզբունքները և ձևերը, ինչպես նաև ընտանիքի և երեխայի շահերի դեմ ուղղված հանցագործությունները, անչափահասների քրեական պատասխանատվության և պատժի առանձնահատկությունները.
6) 2003 թվականին Հայաստանը Հանրապետությունը ստորագրեց ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի երկու կամընտիր արձանագրությունները, վավերացրեց ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ» կոնվենցիան լրացնող` «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» 2000 թվականի N 2 արձանագրությունը, ինչպես նաև մշակեց Հայաստանի Հանրապետությունում 2007-2009 թվականների ընթացքում մարդկանց շահագործման, (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը, որը ներառում էր նաև անչափահասների շահագործման խնդիրները:
11. Երրորդ փուլ (2004-2013 թվականներ): Այս փուլն սկզբնավորվեց անկախացումից հետո առաջին` երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ռազմավարական ծրագրի ընդունումով, որի շնորհիվ նախանշվեցին Հայաստանի Հանրապետությունում երեխաների նկատմամբ պետական քաղաքականության հիմնական ուղղությունները, պետական կառավարման համակարգում կյանքի կոչվեց երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը, կատարվեցին երեխաների սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային իրավունքների երաշխավորմանն ուղղված կարևոր օրենսդրական բարեփոխումներ, իրականացվեցին երեխաների տարբեր հիմնախնդիրներին վերաբերող մի շարք կարևոր ծրագրեր, մասնավորապես`
1) 2004 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց Աշխատանքի միջազգային կազմակերպության «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» կոնվենցիան, ընդունեց Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը և Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգիրքը, որոնց միջոցով սահմանվեցին երեխաների աշխատանքային իրավունքները, պարտականությունները և երաշխիքները, կարգավորվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման և տեղավորման, խնամատար ընտանիքին վերաբերող մի շարք հարցեր, հռչակվեց ընտանիքը, մանկությունը, մայրությունը և հայրությունը հասարակության ու պետության հովանավորության և պաշտպանության ներքո գտնվելու երաշխիքը և այլն: Նույն թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում երեխաների խնամքի ու դաստիարակության համար անհրաժեշտ պետական սոցիալական նվազագույն չափորոշիչները.
2) 2005 թվականին ընդունվեցին երեխաների իրավունքների հետ սերտորեն առնչվող «Սոցիալական աջակցության մասին», «Պետական նպաստների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, վավերացվեց «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցությանը վերաբերող» կամընտիր արձանագրությունները, ինչպես նաև «Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի մասին» կոնվենցիան: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվեցին հանրապետությունում երեխաների խնամքն իրականացնող հաստատությունների հիմնական տիպերը` հստակեցնելով յուրաքանչյուր հաստատությունում երեխաների տեղավորման չափանիշները: 2005-2006 թվականներին Երևանի Աջափնյակ թաղային համայնքում և Գյումրիում ստեղծվեցին Երեխաների սոցիալական հոգածության համայնքային ցերեկային մեկական կենտրոններ.
3) 2006 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրեց «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիան` կից հայտարարություններով, ինչպես նաև «Ծնողական պարտականությունների և երեխայի պաշտպանությանն ուղղված միջոցների առնչությամբ իրավասության, կիրառելի իրավունքի, ճանաչման, իրականացման և համագործակցության մասին» կոնվենցիան: Այդ նույն տարում մեր պետությունը հաստատեց Կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաների սոցիալական պաշտպանության բարեփոխումների 2006-2010 թվականների ռազմավարությունը, որում արտացոլվեցին երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումների քաղաքականության նպատակները, հիմնական սկզբունքները, այդ թվում` երեխայի շահերի առաջնահերթությունը, խտրականության բացառումն ու հավասար հնարավորությունների ընձեռումը, ընտանեկանին մոտ միջավայրի ապահովումը.
4) 2007 թվականից սկսած` իրականացվեցին առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված մի շարք նշանակալի ծրագրեր, մասնավորպես, բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կենտրոնացված հաշվառումը, 17 հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների վերկազմավորումը երեխաների խնամքի և պաշտպանության 7 գիշերօթիկ հաստատությունների, Մանկական խնամակալական կազմակերպությունների բեռնաթափման ծրագիրը, Մանկատան չափահաս դարձած սաների բնակարանային ապահովման ծրագիրը և այլն.
5) 2009 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը, որոնց հիման վրա էլ 2013 թվականին մշակվեց նաև Հայաստանի Հանրապետությունում բազմազավակ ընտանիքների աջակցության պետական ծրագիրը և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը.
6) նկատի ունենալով երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում առաջացող նոր մարտահրավերները, որոնց լուծումները բավարար չափով նախատեսված չէին Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թվականների ռազմավարական ծրագրում` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2012 թվականին հաստատեց Հայաստանի Հանրապետությունում երեխաների իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը:

IV. ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

12. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտի սոցիալական պաշտպանության ենթաոլորտի առավել սուր հիմնախնդիրներն են`
1) մտահոգիչ է հանրակրթությունից դուրս մնացած, հատուկ հոգածության և սոցիալական պաշտպանության կարիք ունեցող երեխաների թիվը, հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների խմբում.
2) հստակեցման և կատարելագործման կարիք ունի` երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ երեխաների ուղեգրման, ընդունելության մեխանիզմների և այլընտրանքային խնամքի համակարգը, որի պատճառով աճում է, հատկապես սահմանափակ հնարավորություններով երեխաների տեսակարար կշիռը մանկատանը տեղավորվող երեխաների ընդհանուր թվակազմում, մասնավորապես, առողջ երեխաների համար նախատեսված մանկատներում խնամվող երեխաների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը մասնագիտացված մանկատներում յուրաքանչյուր տարի ավելանում է` պայմանավորված համապատասխան մասնագիտացված այլընտրանքային ծառայությունների (ցերեկային կամ վերականգնողական կենտրոններ և այլն) թվի պակասով, ինչպես նաև պետական հոգածության կարիք ունեցող հիվանդ երեխաների թվի աճով.
3) անհրաժեշտ արագությամբ չի ընթանում երեխաների խնամքի ու պաշտպանության մեծ հաստատությունների (մանկատների) բեռնաթափման գործընթացը.
4) որդեգրման իրավական և գործնական հատվածներում զգացվում է լուրջ կանոնակարգման կարիք.
5) չնայած Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից վերջին տարիներին կատարված հսկայական աշխատանքին, այնուամենայնիվ, դեռևս ամբողջությամբ չեն լուծվել թափառաշրջիկ, մուրացիկ և բռնության ենթարկված երեխաներին հայտնաբերելու և ապաստան տրամադրելու, ինչպես նաև հատկապես շեղվող վարք դրսևորող պատանիների ու աղջիկների հայտնաբերման, հաշվառման, նրանց հետ կանխարգելիչ և շտկողական աշխատանքների կատարման խնդիրները.
6) ոչ բավարար արագությամբ է ընթանում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ու դաստիարակության այլընտրանքային, առավել արդյունավետ ձևերից մեկի` խնամատար ընտանիքի ներդրումը.
7) ներկայիս` խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություններն իրենց տեսակով հակասում են երեխայի` ընտանիքում ապրելու սկզբունքին.
8) համայնքների մեծ մասում խոցելի խմբի երեխաների համար գոյություն չունեն որևէ տեսակի սոցիալական ծառայություններ.
9) կարիքի վրա հիմնված` ընտանեկան աջակցության տարբերակված տեսակները բացակայում են:
13. 2005 թվականին Հայաստանի Հանրապետությունում ներդրված` երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգը ևս ունի ինստիտուցիոնալ-կառուցվածքային որոշ թերություններ, որոնք էականորեն ազդում են այդ բնագավառում վարվող քաղաքականության արդյունավետության վրա:
14. Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի բարձրագույն օղակի` միջգերատեսչական սկզբունքով կազմված Երեխայի իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի գործունեությունը կրում է խորհրդակցական և երաշխավորական բնույթ, աշխատանքները կազմակերպվում են քննարկումների կարգով` առանց քննարկման ենթակա հարցերի խոր և բազմակողմանի մասնագիտական ուսումնասիրությունների:
15. Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի միջին օղակը` 2006 թվականից Հայաստանի Հանրապետության մարզպետարաններում գործող ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինները ևս, մի շարք առումներով չեն կարողանում ապահովել արդյունավետ գործունեություն, քանի որ դրանք`
1) ունեն փոքրաթիվ աշխատողներ, այդ թվում` հատկապես բարդ և բազմաբնույթ սոցիալական դեպքերի հետ աշխատելու և երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններ երեխաների ուղեգրման վերաբերյալ եզրակացություն տալու համար մասնագիտական բավարար պատրաստվածություն ունեցող մասնագետ սոցիալական աշխատողներ.
2) տեղակայված են միայն մարզպետարաններում (Երևանում` քաղաքապետարանում)` առանց համայնքային սոցիալական աշխատողների և առանց երեխաների ու ընտանիքների համար մասնագիտացված սոցիալական ծառայությունների բավարար ծածկույթ ապահովող ցանցի.
3) ունեն գործառութային կրկնություններ, հատկապես, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման, ուղղորդման գործառույթների առումով, որոնց զգալի մասը կարող է կատարվել նոր ներդրվող համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում, մի մասը վերապահված է խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին, իսկ մի մասն էլ ներկայումս իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների հարցերով զբաղվող տեսուչների կողմից.
4) գրեթե չեն իրականացնում երեխաներին տրամադրվող ծառայությունների տարածքային պլանավորման ու այդ ծառայությունների տրամադրման գործընթացների համակարգման իրավասությունները, ինչպես նաև աջակցողական ուղղորդման և վերահսկողական, այդ թվում` մոնիթորինգի ու գնահատման գործառույթները:
16. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առանցքային դերակատարում ունեցող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները արդյունավետ գործունեություն ծավալելու առումով ունեն մի շարք լուրջ հիմնախնդիրներ, մասնավորապես`
1) առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն, հատկապես խնամակալության և հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաև խնամակալների և հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության և վերջիններիս գործունեության թափանցիկության ապահովման առումով.
2) խնամակալության և հոգաբարձության մարմինները, այդ թվում` դրանց առընթեր ձևավորվող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները կազմված են հասարակական հիմունքներով աշխատող 5-8 անձանցից, որոնց համար այդ աշխատանքը հիմնական բնույթ չի կրում: Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների աշխատանքի բնույթը արդարացվում է միայն որոշումներ կայացնելու կոլեգիալության տեսանկյունից, սակայն սոցիալական ծառայություններ մատուցելու որակի և խնդիրների բովանդակային լուծման տեսանկյունից նման կառուցվածքը խիստ անհամապատասխան է սահմանված գործառույթներին, քանի որ որոշումների մեծ մասը կայացվում է` առանց կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի կամ նրա ընտանիքի հիմնախնդիրների խորքային ուսումնասիրության և հետագա հետևողական աշխատանքի.
3) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները, հատուկ իրավական գիտելիքների և հմտությունների բացակայության պատճառով, հաճախ չեն կարողանում դատարանում պատշաճ կերպով պաշտպանել իրենց համայնքի բնակիչների իրավունքներն ու շահերը.
4) այդ հանձնաժողովներն, ունենալով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ինքնուրույն հայտնաբերելու, նրանց մասին հոգ տանելու, նրանց հաշվառումը վարելու, խնամքի կազմակերպման և իրականացման հարցերով հատուկ դպրոցների ու երեխաների խնամքի ու պաշտպանության այլ հաստատությունների հետ համագործակցելու կանոնադրական խնդիր, չունեն համապատասխան ռեսուրսներ` դրանց պատշաճ իրականացումն ապահովելու համար.
5) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովներին կարևոր դեր է վերապահված երեխաների խնամքի կազմակերպման, ինչպես նաև տեսակցությունների սահմանման վերաբերյալ իրարից անջատ ապրող ծնողների միջև առաջացած վեճերը, գույքային խնդիրները, խնամակալի թեկնածությունը և այլ հարցեր դատական կարգով լուծելիս, սակայն, այդ գործառույթները ևս գրեթե չեն իրականացվում.
6) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները գործնականում չեն վերահսկում խնամակալության տրված երեխաների իրավունքների պաշտպանության հետագա կազմակերպումը խնամակալի կողմից և վերջիններիս էլ որևէ աջակցություն չեն տրամադրում, խնամակալություն նշանակելիս հիմնականում խնամակալ ընտանիքի կարողությունների խոր գնահատում չեն իրականացնում, ինչի պատճառով երեխաները հաճախ հայտնվում են գիշերօթիկ հաստատություններում.
7) խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովները հիմնականում իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին, ինչպես նաև կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքներին վերաբերող վարչարարական-փաստաթղթային բնույթի գործառույթներ:
17. Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում, ընդհանրապես, այդ թվում` երեխաներին խնամքի ու պաշտպանության հաստատություններ ուղեգրելու հարցերում, մասնավորապես, կարևոր դերակատարում ունեն նաև սոցիալական ծառայությունների տարածքային մարմինները, որոնք, ի թիվս շահառուների այլ խմբերի, կոչված են սպասարկելու նաև 0-18 տարեկան հաշմանդամ, միակողմանի ծնողազուրկ, առանց ծնողական խնամքի մնացած, միայնակ մոր, ամուսնալուծված անձի երեխաներին և այլոց: Սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների` կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց ուղղորդման հետ կապված կանոնադրական և փաստացի իրականացվող գործառույթների համեմատական վերլուծությունը բացահայտել է, որ սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններն իրենց գործունեության ընթացքում սահմանափակվում են`
1) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մարզպետարաններին, քաղաքապետարաններին շահառուների մասին տարբեր տվյալների (սոցիալ-ժողովրդագրական ցուցանիշների վերաբերյալ ցուցակներ) տրամադրումով, հաշվետվություններ ներկայացնելով.
2) շահառուներին` դեպի սոցիալական ապահովության և առողջապահության վարչություն կամ անձամբ մարզպետի (քաղաքապետի) մոտ ուղղորդումամբ.
3) մարզպետարանի (քաղաքապետարանի) կողմից սոցիալական ծառայությունների տարածքային մարմիններ ուղղորդված շահառուների խնդիրների մասնակի լուծմամբ.
4) սոցիալական ցանցի այլ օղակների (պետական և ոչ պետական) հետ հիմնականում տեղեկությունների փոխանակմամբ, ինչպես նաև շահառուներին` այդ ծառայություններ ուղղորդումամբ.
5) պասիվ գործելակերպով. նրանք, ֆինանսական խնդիրներից բացի, շահառու խմբերի մյուս կարիքները գրեթե չեն գնահատում, հետևաբար, ակտիվորեն չեն աջակցում և ուղղորդում շահառուին:
18. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի կարևորագույն հիմնախնդիրներից է նաև այդ համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի անկատարությունը, որն արտահայտվում է հետևյալ իրողություններում`
1) տեղեկատվական ապահովման ենթահամակարգը չի ընդգրկում երեխաների իրավունքներին ու սոցիալական պաշտպանությանը վերաբերող բոլոր հարցերի մասին անհրաժեշտ տեղեկությունների տիրույթը: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 381-Ն որոշմամբ, որը որոշակի փոփոխությունների է ենթարկվել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի N 804-Ն որոշմամբ, սահմանված են երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում երեխաների տեղավորման ավելի քան 20 չափանիշներ, որոնց համապատասխանող սոցիալապես խոցելի ոչ բոլոր խմբերի մասին է ներկայումս տեղեկություններ հավաքվում նշված տեղեկատվական ենթահամակարգի միջոցով: Մասնավորապես, առհասարակ նախատեսված չէ բնածին կամ ձեռքբերովի արատներ ունեցող, խոր մտավոր թերզարգացում, ինչպես նաև զուգակցված տարբեր ֆիզիկական արատներ ունեցող, նյարդաբանական և հոգեկան քրոնիկ խանգարումներ, զարգացման հապաղումներ, հոգեբանական խնդիրներ, բռնության ենթարկված, բժշկասոցիալական վերականգնման, խնամքի, դաստիարակության և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև թրաֆիքինգի ենթարկված, ընտանիքում կոնֆլիկտներ ունեցող, դաժան վերաբերմունքի ենթարկված երեխաների վերաբերյալ որևէ տեղեկություն հավաքելը.
2) սահմանված չափանիշներին համապատասխանող որոշ խմբերի երեխաների վերաբերյալ չնայած նախատեսված է տվյալների հավաքում, և կա համապատասխան ցուցիչը, սակայն այդ չափանիշների վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու իրավասություններ ունեցող մարմինների (հիմնականում` մարզպետարանների աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների) կողմից ներկայացվում են միայն որոշակի ցուցանիշներ, որի պատճառներից մեկը կարող է լինել նաև տեղեկություն հավաքող և փոխանցող մարմնի կողմից այս չափանիշների ոչ միարժեք ընկալումը և երեխաների հետ նույնականացման դժվարությունը, ուստի և այդ չափանիշներին համապատասխանող երեխաները կամ անտեսվում են կամ դասվում են այլ խոցելի խմբերի երեխաների շարքը.
3) վերջին տարիներին լուրջ ձեռքբերումներ են գրանցվել Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի կատարելագործման ուղղությամբ, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում իրականացվում է ինչպես անչափահասների կողմից կատարած հանցագործությունների, հանցագործություն կատարած անչափահասների թվաքանակի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության անչափահասների գործերով ծառայությունում հաշվառված և հաշվառումից հանված անչափահասների վերաբերյալ տվյալների հստակ հաշվառում, որոնք, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են շահագրգիռ կառույցներին և լայնորեն լուսաբանվում են զանգվածային լրատվամիջոցներով: Այնուամենայնիվ, ինչպես այս, այնպես էլ Հայաստանի Հանրապետության երեխաների տարբեր խմբերի վերաբերյալ գոյություն ունեցող շտեմարաններից շատերն ունեն որոշակի թերություններ, քանի որ եղած տվյալների մի մասը շատ ընդհանրական է, ինչը թույլ չի տալիս դրանում տարբերակել սոցիալական նպատակային ծրագրերի համար անհրաժեշտ ենթացուցանիշները: Օրինակ` «օրինազանց երեխա» ցուցանիշն իր մեջ կարող է պարունակել երեխաների, ովքեր, որոշակի զանցանք կատարելով հանդերձ, գտնվում են տարբեր տեղերում` ընտանիքում, երեխաների խնամքի ու պաշտպանության տարբեր հաստատություններում կամ նույնիսկ ազատազրկման վայրերում, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ ենթադրում է սոցիալական միջամտության առանձնահատուկ ծրագրերի իրականացում և այլն.
4) Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի տեղեկատվական շտեմարաններում առկա են տվյալներ, որոնք չեն արտացոլում տվյալ չափանիշին համապատասխանող երեխաների ամբողջ համախումբը, որը, բնականաբար, բավարար չէ այդ կատեգորիայի բոլոր երեխաների սոցիալական օգնության ծրագրերի մշակման և իրականացման համար.
5) Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի տեղեկատվական շտեմարաններում սահմանված չափանիշներին համապատասխանող երեխաների խմբերից շատերի վերաբերյալ եթե անգամ կան ընդհանրական ցուցանիշներ, ապա դրանք ավելի մասնավորեցված չեն, այսինքն չի երևում, թե այդ կատեգորիայի երեխաների մի մասը ներկայումս որտեղ է գտնվում:
V. ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

19. Հիմնական նպատակներն են`
1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների առավել լիարժեք բավարարումը.
2) յուրաքանչյուր երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը, որը ենթադրում է երեխայի համարժեք սոցիալականացման ու հասարակությունում լիարժեք ինտեգրման գործընթացի ապահովումն ընտանիքում, իսկ վերջինիս բացակայության կամ կենսաբանական ընտանիքում երեխայի խնամքն ու դաստիարակությունն իրականացնելու անհնարինության դեպքերում` ընտանեկանին առավել մոտ կենսապայմաններում կազմակերպելու պայմանների ապահովումը:

VI. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

20. Հայաստանի Հանրապետության երեխայի իրավունքի պաշտպանության բնագավառում վարվելիք քաղաքականության ընդհանուր խնդիրներն են`
1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների գնահատման ամբողջական համակարգի ներդրումը.
2) կարիքների գնահատման ամբողջական համակարգի միջոցով հանրապետության երեխաների տարբեր խմբերի իրական կարիքների պարբերական գնահատման ապահովումը.
3) երեխայի իրավունքների պաշտպանության բնագավառում մշակվող և իրականացվող քաղաքականությունը, կարիքների գնահատման ամբողջական համակարգի միջոցով ստացված արդյունքների և ոչ թե պետության այդ պահին ունեցած հնարավորությունների վրա կառուցելու քաղաքական մշակույթի աստիճանական արմատավորումը.
4) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամքի ու պաշտպանության հաստատություններ ուղղորդելու կարգի կատարելագործումը.
5) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ենթահամակարգի հիմնական օղակների գործառույթների հստակեցումը և արդյունավետ գործունեության համար պայմանների ապահովումը.
6) առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ծառայությունների` ընտանեկենտրոն, համայնքահեն համակարգի հիմնումը.
7) երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունների բեռնաթափումը. այնտեղ գտնվող երեխաների համար ընտանեկան կամ ընտանեատիպ մեխանիզմների միջոցով խնամքի ու պաշտպանության կազմակերպման ապահովումը.
8) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգի կատարելագործումը.
9) երեխաներին բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման գործող համակարգի կատարելագործումը:

VII. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

21. Ծրագրի ակնկալվող արդյունքներն են`
1) կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների գնահատման ամբողջական համակարգն առկա է.
2) կարիքների գնահատման ամբողջական համակարգի միջոցով կանոնավոր կերպով գնահատվում են Հայաստանի Հանրապետության երեխաների իրական կարիքները.
3) մշակվում և իրականացվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների և ընտանիքների իրական կարիքների հաշվառման վրա հիմնված քաղաքականությունը.
4) առանց ծնողական խնամքի մնացած երեխաները հազվադեպ են ուղղորդվում շուրջօրյա մեծ կենտրոնացված խնամքի ու պաշտպանության հաստատություններ.
5) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի ինստիտուցիոնալ ենթահամակարգի հիմնական օղակներն արդյունավետ կերպով աշխատում են.
6) Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքներում գործում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամքի ու պաշտպանության այլընտրանքային ծառայություններ մատուցող տարաբնույթ հաստատություններ.
7) երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում մնացել են քիչ թվով երեխաներ, այն էլ` այնպիսիք, որոնց համար հնարավոր չի եղել ապահովել ընտանեկանին մոտ խնամքի ձևերից որևէ մեկը, իսկ հաստատությունների մի մասը վերապրոֆիլավորվել և վերակազմակերպվել է սոցիալ - վերականգնողական ծառայություններ մատուցող այլընտրանքային հաստատությունների.
8) երեխայի իրավունքների պաշտպանության համակարգի տեղեկատվական ապահովման ենթահամակարգը լիարժեքորեն արտացոլում է Հայաստանի Հանրապետության երեխաների համախմբի բոլոր հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկությունները և գործում է անխափան.
9) երեխաներին բազմաբնույթ սոցիալական ծառայությունների տրամադրման համակարգը բարելավված է.
10) խոցելի խմբերի երեխաներին և նրանց ընտանիքներին հասանելի են հասցեական և կարիքից բխող սոցիալական աջակցության փաթեթներ.
11) համալիր սոցիալական ծառայությունների աշխատողները՝ դեպք վարողները, ունեն համապատասխան գիտելիքներ և օրենքով սահմանված լիազորություններ՝ իրականացնելու հասցեական աջակցություն ընտանիքներին և նրանց երեխաներին:

VIII. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

22. Վճռականորեն առաջ տանել երեխաների խնամքի ու պաշտպանության կենտրոնացված մեծ հաստատությունների բեռնաթափումը` նպատակ ունենալով առաջիկա երկու-երեք տարիների ընթացքում այդ հաստատություններում գտնվող բոլոր երեխաներին վերադարձնել իրենց ընտանիքները, իսկ դրա անհնարինության դեպքում` նրանց համար ապահովել խնամքի և դաստիարակության այլընտրանքային` ընտանեկանին առավել մոտ պայմաններում ապրելու հնարավորություններ:
23. Խթանել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման գործընթացը, զարգացնել խնամակալական ընտանիքի ինստիտուտը՝ ֆինանսական և բարոյահոգեբանական աջակցություն տրամադրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին խնամակալած ընտանիքներին, ինչը ոչ միայն ապահովում է երեխայի՝ ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքը, այլև նրան չի կտրում իր ազգակցական կապերից և արմատներից, ինչպես նաև նոր թափ հաղորդել հանրապետությունում խնամատար ընտանիքների ձևավորման գործընթացին, որն առաջին հերթին դիտվելու է որպես երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր չունեն կենսաբանական (հարազատ) ընտանիք կամ տարբեր պատճառներով հնարավոր չէ նրանց վերադարձնել ընտանիք, կամ անհնար է ապահովել ազգականների ընտանիքներում նրանց խնամքի կազմակերպումը:
24. Զարգացնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների կարիքների բավարարմանն ուղղված համայնքային ծառայությունների համակարգը` նկատի ունենալով, որ այն ներառման սկզբունքի հիման վրա լիարժեքորեն պետք է ապահովի նաև հատուկ կարիքներ ունեցող երեխաների բ

Արխիվ

2019

2018