18 Դեկտեմբերի 2014, 1462 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ՀՈՂԱՄԱՍ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը    ո ր ո շ ու մ     է.
1.	Թույլատրել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ` ընկերություն) Երևան քաղաքի Հալաբյան 37/8 հասցեում գտնվող 9225 քառ. մետր հողամասով վճարել ընկերության կողմից տեղաբաշխված` պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
2.	Երևան քաղաքի Հալաբյան 37/8 հասցեում գտնվող ընկերությանը  սեփականության իրավունքով պատկանող 13499 քառ. մետր հողամասից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով առանձնացնել 9225 քառ. մետր հողամասը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, և այն ամրացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքի նախագծման և կառուցման նպատակով:
3.	Սույն որոշման 2-րդ կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված կարգով։
4.	Առաջարկել Երևանի քաղաքապետին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախաձեռնել սույն որոշման 2-րդ կետի համաձայն առանձնացվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխման գործընթացը:
5.	Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` 
1)	ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը.
2)	ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չափագրման աշխատանքների իրականացումը.
3)	 սույն որոշման 5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետով նախատեսված գործառույթներն իրականացնել «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին: 
6.	Սահմանել, որ Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ճառագայթային բուժման մասնաշենքի նախագծման, կառուցման և անշարժ գույքի նկատմամբ հետագայում իրավունքների պետական գրանցման հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում անհրաժեշտ է առաջնորդվել հողամասի սույն որոշման հիման վրա իրականացված չափագրման արդյունքում արձանագրված տվյալներով:
7.	Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման 2-րդ կետի համաձայն առանձնացվող հողամասն ազատել գրավից: