Կառավարության որոշումներ

30 Հունվարի 2015, 63 - Ն

ԵՎՐԱՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ ՏԵՂԱԲԱՇԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԵՎ ԳԼԽԱՎՈՐ ՏԵՂԱԲԱՇԽՈՂԻ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 32-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Եվրապարտատոմսեր տեղաբաշխելու նպատակով՝
1) միջազգային իրավախորհրդատուի ծառայությունը ձեռք բերել <<Cleary Gottlieb Steen & Hamilton LLC>> ընկերությունից.
2) գլխավոր տեղաբաշխողի ընտրությունը կատարել <<Deutsche Bank AG, London Branch>>, <<HSBC Bank plc>>, <<J.P.Morgan Securities plc>> ընկերություններից և կնքել գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագիր:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների գնումն իրականացվելու է առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ բանակցային ընթացակարգով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով:
3. Լիազորել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կնքել սույն որոշման 1-ին կետում նշված պայմանագրերը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է առանց այդ նպատակի համար ֆինանսական միջոցներ նախատեսված լինելու հանգամանքի, իսկ վճարումները կատարվում են ֆինանսական միջոցների առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայութունների մատուցման դիմաց վճարումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ֆինանսական միջոցներ նախատեսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ.
2) եվրապարտատոմսերի թողարկման նպատակով միջազգային իրավախորհրդատուի և գլխավոր տեղաբաշխողի հետ կազմված միջոցառումների իրականացման ժամանակացույցին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական արտարժութային պարտատոմսերի թողարկման ազդագիրը (Prospectus):
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023