Կառավարության որոշումներ

15 Հունվարի 2015, 41 - Ա

ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածին, 68-րդ հոդվածի 7-րդ կետին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզերում գործող առողջապահական գործունեություն ծավալող պետական փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) ակտիվների կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել սույն որոշման N 1 հավելվածում նշված շենքերն ու շինությունները, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը և դրանք, որպես պետական սեփականություն, ամրացնել կազմակերպության գտնվելու վայրի մարզպետարանների աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնելով ընկերությունների կանոնադրական կապիտալները:
2. Ընկերությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ` ՊՈԱԿ)` փոխանցման ակտի հիման վրա:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված` առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարումը կատարվում է «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Սահմանել ՊՈԱԿ-ների գործունեության հիմնական առարկան, նպատակները և ձեռնարկատիրական գործունեության տեսակները` համաձայն N 2 հավելվածի:
5. Սահմանել, որ`
1) ընկերությունների սեփականությունը հանդիսացող գույքը, բացառությամբ սույն որոշման N 1 հավելվածում նշված շենքերի ու շինությունների, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է վերակազմակերպման արդյունքում ստեղծված ՊՈԱԿ-ներին.
2) սույն որոշման 1-ին կետի համաձայն առանձնացված շենքերը և շինություններն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվում են սույն որոշման N 1 hավելվածում նշված ՊՈԱԿ-ներին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքված պայմանագրի հիման վրա:
6. Սույն որոշման N 1 հավելվածում նշված ՊՈԱԿ-ների կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել կազմակերպության գտնվելու վայրի մարզպետներին:
7. Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել սույն որոշման N 1 hավելվածում նշված ՊՈԱԿ-ների կանոնադրությունները, փոխանցման ակտերն ու սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով նրանց հանձնվող գույքի կազմը.
2) սույն որոշման N 1 hավելվածում նշված ՊՈԱԿ-ների կանոնադրությունների հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՊՈԱԿ-ների պետական գրանցումը, սահմանելով, որ դրանք, ինչպես նաև որոշման 1-ին կետի համաձայն առանձնացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումը ենթակա են իրականացման ընկերությունների միջոցների հաշվին.
3) սույն որոշման N 1 hավելվածում նշված ՊՈԱԿ-ներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող շենքերի և շինությունների գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել ՊՈԱԿ-ների միջոցների հաշվին.
4) ապահովել սույն որոշման N 1 hավելվածում նշված ընկերությունների կողմից մինչև 2015 թվականի հունվարի 1-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ առաջացած շահութաբաժինների գծով սույն որոշման ընդունման օրվա դրությամբ առկա պարտավորությունների կատարումը` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պարտավորությունների մնացորդի վերջնական մեծությունը (պարտավորության մարման օրվա դրությամբ) ճշտելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ.
5) ապահովել սույն որոշման N 1 հավելվածում նշված ընկերությունների կողմից 2015 թվականի ընթացքում (մինչև վերակազմակերպումը) իրականացված գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ շահութաբաժինների գծով հնարավոր պարտավորությունների կատարումը:


Հավելված

Արխիվ

2024

2023