Կառավարության որոշումներ

26 Փետրվարի 2015, 206 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27 -Ի N 1486-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ ստեղծելու, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կանոնադրությունը հաստատելու, նախնական, միջին և բարձրագույն մասնագիտական կրթության գծով հավատարմագրման փորձաքննություն իրականացնելու լիազորություն տալու և Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 20-ի N 1540-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1486-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 14-րդ կետում «Խորհրդի նախագահ ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:» բառերը փոխարինել «Խորհուրդը կազմված է խորհրդի նախագահից և անդամներից:» բառերով.
2) 16-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.
«Մինչև սույն կետով սահմանված ժամկետի ավարտը պետական լիազորված մարմնի ներկայացմամբ սույն կանոնադրության 14-րդ կետով սահմանված կարգով խորհրդի անհատական նոր կազմ հաստատվելու դեպքում նոր կազմում չընդգրկված խորհրդի նախկին անդամների լիազորությունները համարվում են դադարեցված «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդված 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված հիմքով:».
3) 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Խորհուրդը բաղկացած է 12 անդամներից: Խորհրդի կազմը ձևավորվում է՝
1) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից.
2) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներից.
3) 1 անդամ` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից.
4) 4 անդամ` պետական և ոչ պետական բուհերի դասախոսական կազմի ներկայացուցիչներից, որոնցից երկուսը չեն կարող միաժամանակ հանդիսանալ պետական ծառայողներ.
5) 1 անդամ` պետական կամ ոչ պետական բուհերի ուսանողներից.
6) 1 անդամ` «Գործատուների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով ստեղծված գործատուների հանրապետական միության ներկայացուցիչներից.
7) 1 անդամ` «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքով սահմանված կարգով ստեղծված բանկերի միության ներկայացուցիչներից.
8) 1 անդամ` ազգային մրցունակության խորհրդի կազմից.
9) 1 անդամ՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ներկայացուցիչներից:».
4) 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20.1-ին կետով.
«20.1. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արխիվ

2024

2023