Կառավարության որոշումներ

10 Մարտի 2015, 228 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵՎ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի N 54 որոշման դրույթներով և Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին պայմանագրի 41-րդ կետի ու 44-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների` համաձայն N 1 հավելվածի:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող լիազոր մարմիններն են`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը` «Հայ-հնդկական տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն» ծրագրի իրականացման շրջանակներում.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասով, իր իրավասության սահմաններում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի իրականացման շրջանակներում` մինչև 2018 թվականի հունվարի 1-ը, բացառությամբ տրանսպորտային միջոցների, հեծանիվների, ջրային և օդային տրանսպորտի.
3) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասով, իր իրավասության սահմաններում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)՝ նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայկական ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման շրջանակներում:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով նախատեսված` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
4. Սույն որոշման 2-րդ կետով սահմանված լիազոր մարմինների ղեկավարներին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում սահմանել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման կարգը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:


Հավելված

Արխիվ

2024

2023