Կառավարության որոշումներ

14 Մայիսի 2015, 513 - Ն

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 4-րդ և 7-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման նպատակով սույն որոշման հավելվածում նշված՝ Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Սյունիքի մարզերի որոշ համայնքներում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով`
1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.
2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման հավելվածում նշված տարածքների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի կառուցումն ու շահագործումն անհնար է առանց հենարանների տեղակայման և անվտանգության գոտիների համար անհրաժեշտ հողատարածքների ձեռքբերման, որոնց ընտրությունն իրականացվել է սահմանված շինարարական և տեխնիկական նորմերի շրջանակներում` բնակավայրերի, պատմամշակութային հուշարձանների, բնապահպանական տարածքների և ենթակառուցվածքների շրջանցմամբ, հենարանների տեղակայումը հնարավորինս նախատեսելով գոյություն ունեցող էլեկտրահարղորդման գծի միջանցքում.
3) սույն որոշման հավելվածում նշված տարածքների նկատմամբ ճանաչված բացառիկ` գերակա հանրային շահը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ ծրագրի շրջանակներում կառուցվող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի նախագծման փուլում հաշվի են առնվել բոլոր շահագրգիռ մարմինների և ազդակիր համայնքների առաջարկությունները և դիտողությունները:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված տարածքների ձեռք բերող է հանդիսանում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ձեռք բերող).
2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի օգոստոսի 1-ն է.
3) սեփականության oտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).
4) սույն որոշումից ծագող օտարվող սեփականության նկատմամբ օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում` ձեռք բերողի հաշվին.
5) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-օրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
6) սույն որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
7) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են օրենքի հիման վրա` լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023