Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 523 - Ն

«ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՍՏՈՐԱԳՐՎԵԼԻՔ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հավանություն տալ «Մայքրոսոֆթ» ընկերության հետ համագործակցության հուշագրի, լիցենզավորման պայմանագրերի և կառավարության անվտանգության ծրագրի պայմանագրի կնքման առաջարկությանը:
2. Լիազորել՝
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ստորագրել համագործակցության հուշագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարնախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ստորագրել լիցենզավորման պայմանագրերը.
3) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ստորագրել կառավարության անվտանգության ծրագրի պայմանագիրը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ հուշագրի և պայմանագրերի վերջնական տեքստերը, նախքան «Մայքրոսոֆթ» ընկերության հետ ստորագրելը, համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2015 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 603,750.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով), ինչպես նաև 2016 և 2017 թվականների պետական բյուջեներում նախատեսել տարեկան 1,180.0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ նույն նպատակի իրագործման համար:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին N 1515-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
6. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացվող միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթներ ձեռք բերելու գնումն իրականացվելու է բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն:
7. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերումը և ներկայացված հայտերի համաձայն դրանց տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անունից հանձնարարության պայմանագրի հիման վրա իրականացնում է «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ հանձնակատար).
2) հանձնակատարի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին մատուցվող ծառայությունների դիմաց վարձավճարը հավասար է սույն որոշման N 3 հավելվածով ամրագրված առավելագույն գների և Հայաստանի Հանրապետության կառավարության կարիքների համար համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների ձեռքբերման փաստացի գների տարբերությանը:
8. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` այսուհետ համակարգիչների գնումների ընթացքում բացառել համակարգչային սարքավորումների հետ մեկտեղ սույն որոշման N 3 հավելվածում նշված համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների գնումը՝ բացառությամբ դրանց պահանջվող չափաքանակների սպառված լինելու դեպքերի:
9. Համակարգչային լիցենզիոն ծրագրային ապահովման փաթեթների պահանջվող չափաքանակների վերաբերյալ հայտերի ստացումը ու դրանց բավարարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի կողմից սահմանված կարգով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հավելված

Արխիվ

2024

2023