Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 589 - Ն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԴԱՎԹԱՇԵՆ-ԱՇՏԱՐԱԿ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ Մ Ա Ս Ի Ն

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրի հիման վրա իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված՝ Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Բաբաջանյան-Աշտարակ և Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի ու հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել՝ առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելն՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակադակը.
2) նպաստում է խցանումների առաջացմանը.
3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.
4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրները:
2. Նախքան Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակ և Դավթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածներում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայր):
3. Գույքի և հողատարածքների օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին, և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթները համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումը իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2016 թվականի հունիսի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքի և հողատարածքների ներքին ու արտաքին չափագրումը,
բ. գույքի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո ու տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքների անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023