Կառավարության որոշումներ

10 Հունիսի 2015, 638 - Ն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 1018-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՌԱԴԻՈԻԶՈՏՈՊՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N 1018-Ն որոշման 1-ին կետում «10 տարի» բառերը փոխարինել «15 տարի» բառերով, իսկ «2015 թվականից» բառերը՝ «2019 թվականից» բառերով:
2. «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 4 հավելվածի N 1 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում «2.5. Տրամադրված վարկերի և փոխատվությունների վերադարձից մուտքեր» կետի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ» տողում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
3. «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) 2015 թվականի ընթացիկ գործունեության և «Ցիկլոն 18/18» հիմնական սարքի տեղափոխման ու տեղադրման համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը հատկացնել 15.876,7 հազ. դրամ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում ընկերության հետ կնքել դրամաշնորհի հատկացման մասին պայմանագիր` ընկերության 2015 թվականի ընթացիկ գործունեության, «Ցիկլոն 18/18» հիմնական սարքի տեղափոխման ու տեղադրման համար:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ընկերության կողմից սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել 254.672,3 հազ. դրամ բյուջետային վարկ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներքին վարկերի և փոխատվությունների տրամադրում» հոդվածով)` 10 տարի մարման ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 717-Ա որոշման հավելվածի 3-րդ բաղադրիչով սահմանված աղբյուրից, տարեկան Լիբոր + 4 տոկոս տոկոսադրույքով՝ որպես գրավ նախատեսելով ընկերությանը պատկանող հողամասը, ապագայում կառուցվելիք անշարժ գույքը, «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնը, ինչպես նաև ապագայում ձեռք բերվելիք սարքավորումները` դրանց արժեքը կանոնադրական կապիտալ ներդրումից հետո, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը` սկսած 2019 թվականից` յուրաքանչյուր տարվա հունիսի 10-ին և դեկտեմբերի 10-ին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 1 հավելվածի N 1 աղյուսակում, N 11 հավելվածի NN 11.9 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություն և լրացում` համաձայն NN 2, 3 և 4 հավելվածների:
7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել ընկերության կանոնադրական կապիտալի ավելացումը՝ սարքավորումների ձեռքբերման և մոնտաժման աշխատանքների արժեքի չափով, լրացուցիչ բաժնետոմսեր տեղաբաշխելու միջոցով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

Արխիվ

2024

2023