Կառավարության որոշումներ

25 Հունիսի 2015, 697 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ԵՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1124-րդ հոդվածի 1-ին մասը, «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Թույլատրել յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձի՝ նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում` համացանցի միջոցով հայալեզու հանրագիտարանային, կրթական և մշակութային բովանդակության զարգացմանը և տարածմանը նպաստելու նպատակով, առանց շահույթ ստանալու նպատակ հետապնդելու և առանց վարձատրության սույն որոշման 2-րդ կետում նշված եղանակներով, օգտագործել գիտության, գրականության և արվեստի այն ստեղծագործությունները, որոնց նկատմամբ գույքային իրավունքները պատկանում են Հայաստանի Հանրապետությանը՝ բացառությամբ սույն որոշման 3-րդ կետով սահմանված դեպքերի:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված օգտագործման շրջանակներում թույլատրվում է կատարել միայն ստեղծագործության թարգմանություն, վերարտադրություն, ստեղծագործության հաղորդում հանրությանը, ստեղծագործության հրապարակային կատարում, ստեղծագործության հրապարակային ցուցադրում, ստեղծագործության հեռարձակում, ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակում, ստեղծագործության հաղորդում մալուխով, համացանցով կամ համանման միջոցներով: Չի թույլատրվում սույն կետում նշված եղանակներից բացի այլ եղանակներով ստեղծագործության օգտագործումը, այդ թվում՝ վերամշակումը, վերափոխումը և այլն:
3. Սույն որոշման 1-ին կետի դրույթները չեն տարածվում՝
1) պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող ստեղծագործությունների վրա.
2) ճարտարապետության, քաղաքաշինության և այգեպուրակային արվեստի ստեղծագործությունների, Հայաստանի Հանրապետության պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի մաս կազմող ստեղծագործությունների (այդ թվում՝ քարտեզների), կադաստրային քարտեզների, համակարգչային ծրագրերի վրա.
3) այն ստեղծագործությունների վրա, որոնց օգտագործումն արդեն թույլատրվել է Հայաստանի Հանրապետության կողմից բացառիկ լիցենզային պայմանագրով.
4) գրականության ստեղծագործությունների վրա, որոնց ստեղծման պահից անցել է երեք տարվանից պակաս ժամանակ.
5) տեսալսողական (կինոֆիլմերը, հեռուստաֆիլմերը և տեսաֆիլմերը, տեսասլայդային ֆիլմերը, դիաֆիլմերը և այլ կինո, հեռուստատեսային և տեսաստեղծագործությունները) ստեղծագործությունների վրա, որոնց ստեղծման պահից անցել է հինգ տարվանից պակաս ժամանակ.
6) դրամատիկական, սցենարային, տեքստով և առանց տեքստի երաժշտական, երաժշտական դրամատիկական, պարարվեստի ստեղծագործությունների և մնջախաղերի վրա, որոնց ստեղծման պահից անցել է ութ տարվանից պակաս ժամանակ:
4. Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող խաղարկային, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարների, որոնց ստեղծման պահից չի լրացել սույն որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված գույքային իրավունքների գործողության ժամկետը, ինչպես նաև սույն որոշմամբ չթույլատրվող եղանակներով գույքային իրավունքների օգտագործման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 4-րդ կետով սահմանված գույքային իրավունքների օգտագործումից ստացված հասույթը հատկացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության կինոյի ոլորտի պետական ոչ առևտրային կազմակերպություններին` նոր կինոնկարների ստեղծման, արտադրության խրախուսման և պահպանման նպատակով:

 

Արխիվ

2024

2023