Կառավարության որոշումներ

2 Հուլիսի 2015, 722 - Ա

ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ «ՌԱՅՆՈՎԻԼ ՓՐՈՓԵՐԹԻ ԼԻՄԻԹԵԴ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ «ՆԱԻՐԻՏ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին՝
1) առաջարկել Միջպետական բանկին՝
ա. պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերությանը 100 ԱՄՆ-ի դոլար օտարման գնով զիջել «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ամբողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ,
բ. պահանջի իրավունքի զիջման մասին պայմանագրով «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերությանը 100 ԱՄՆ-ի դոլար օտարման գնով զիջել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ Միջպետական բանկի ունեցած վարկային պահանջի իրավունքը մնացորդային ամբողջ անվանական արժեքով, ապահովման միջոցներով հանդերձ.
2) պահանջի իրավունքների ձեռքբերման գործարքների կնքումից հետո ապահովել նոր պարտատերեր «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերություններից յուրաքանչյուրի կողմից իր վարկային պահանջն ապահովող երաշխավորության և երրորդ անձ գրավատուների գրավի պայմանագրերի լուծումը՝ ուժի մեջ թողնելով միայն`
ա. նոր պարտատեր «Հայգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Ռայնովիլ Փրոփերթի Լիմիթեդ» (Rhinoville Property Limited) ընկերության կողմից գրավադրված գույքի՝ «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գրավի իրավունքը,
բ. նոր պարտատեր «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության հանդեպ հիմնական պարտավորությամբ պարտապան «Նաիրիտ Գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից գրավադրված անշարժ գույքի գրավի իրավունքը:
2. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ «Հայգազարդ» և «Նաիրիտ 2» փակ բաժնետիրական ընկերությունների հարկվող շահույթ որոշելիս սույն որոշման 1-ին կետի հիման վրա ձեռք բերված ֆինանսական ակտիվը հաշվի է առնվում ձեռքբերման արժեքով, իսկ պարտապանի կողմից դրա գծով հետագա մարումների (ներառյալ նոր պարտատիրոջ նկատմամբ պարտապանի հակընդդեմ պահանջի հաշվանցով մարումները) և ձեռքբերման արժեքի դրական տարբերությունը, ինչպես նաև պահանջն ամբողջությամբ կամ մասամբ երրորդ անձի (անձանց) օտարման դեպքում՝ ձեռքբերման արժեքի և օտարման գնի դրական տարբերությունը հանդիսանում են հարկվող եկամուտ:
 

Արխիվ

2024

2023