Կառավարության որոշումներ

21 Մայիսի 2015, 791 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՐԾՎԱՆԻԿԻ, ՍԵՎԱՔԱՐԻ, ԱՃԱՆԱՆԻ, ՉԱՓՆԻԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդվածի, Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 76-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի և 7-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի, Սևաքարի, Աճանանի, Չափնիի և Սյունիքի գյուղական համայնքներում՝ սույն որոշման NN 1, 2, 3, 4, 5 հավելվածներով սահմանված տարածքներում Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բացահանքի ընդլայնման հեռանկարները` սույն որոշման NN 6, 7, 8 և 9 հավելվածներով սահմանված քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ` հետևյալ հիմնավորումներով`
1) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ`
ա. ծրագիրն ընդերքօգտագործման բնագավառում ունի համապետական կարևոր նշանակություն,
բ. ծրագրի իրականացումը կապահովի Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական արտադրանքի և արտահանման ծավալների էական աճ,
գ. ծրագրի իրականացումը մեծապես կնպաստի երկրի տնտեսական անվտանգության ամրապնդմանը,
դ. ծրագրի իրականացումը լուրջ խթան է տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման համար.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց նշված սեփականության օբյեկտների օտարման, այն չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատերերին, քանի որ հանքավայրի շահագործման հետ կապված արտադրական կեղտաջրերի պոչամբարի ընդլայնման տարածքների ընտրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով սահմանված տեխնիկական նորմերը, մակերևույթի (ռելիեֆ) առանձնահատկությունները, այլընտրանքային տարբերակի բացակայությունը և ազդակիր համայնքների կարծիքները:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման NN 6, 7, 8 և 9 հավելվածներով սահմանված տարածքների ձեռքբերող է հանդիսանում համապատասխան գյուղական համայնքը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին.
2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանն է.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի նոյեմբերի 1-ն է.
4) գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի N 108-Ն որոշմամբ հաստատված գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում առկա սեփականության նկարագրության արձանագրության կազմման կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.
5) սույն որոշմամբ սահմանված ձեռքբերողի (ձեռքբերողների) իրավունքները և պարտականությունները սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ձեռքբերողի (ձեռքբերողների) և լիազոր մարմնի միջև կնքված և սույն որոշմանը կցված պայմանագրին համապատասխան:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագիրն իրագործվելու է՝
1) Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Արծվանիկի գյուղական համայնքի վարչական uահմաններում՝ համաձայն N 1 հավելվածի, 274.8378 հեկտար հողամասերում՝ համայնքային սեփականության 123.8167 հեկտար, պետական սեփականության՝ 71.7966 հեկտար և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` 79.2245 հեկտար.
2) Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Սևաքարի գյուղական համայնքի վարչական uահմաններում՝ համաձայն N 2 հավելվածի, 79.4636 հեկտար հողամասերում՝ համայնքային սեփականության 71.6548 հեկտար, պետական սեփականության՝ 4.4218 հեկտար և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` 3.3870 հեկտար.
3) Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Աճանանի գյուղական համայնքի վարչական uահմաններում՝ համաձայն N 3 հավելվածի, 26.1019 հեկտար համայնքային սեփականության հողամասերում.
4) Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Չափնիի գյուղական համայնքի վարչական uահմաններում՝ համաձայն N 4 հավելվածի, 59.1013 հեկտար հողամասերում՝ համայնքային սեփականության 39.2317 հեկտար, պետական սեփականության՝ 12.6787 հեկտար և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` 7.1909 հեկտար.
5) Հայաuտանի Հանրապետության Սյունիքի մարզի Սյունիքի գյուղական համայնքի վարչական uահմաններում՝ համաձայն N 5 հավելվածի, 52.3047 հեկտար հողամասերում՝ համայնքային սեփականության 14.4159 հեկտար, պետական սեփականության՝ 26.7030 հեկտար և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` 11.1858 հեկտար:
4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում այն պատշաճ ձևով ուղարկել օտարվող սեփականությունների սեփականատերերին և օտարվող սեփականությունների նկատմամբ պետական գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ սահմանված բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքների նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` սույն որոշմամբ սահմանված տարածքները ձեռք բերողի սեփական միջոցների հաշվին.
3) 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ ճշգրտել NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածներով սահմանված տարածքներում հողամասերի նպատակային նշանակությունը, պատմամշակութային հուշարձանների առկայությունը:
5. Առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների ղեկավարներին սույն որոշմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքները ձեռք բերելուց հետո սահմանված կարգով փոփոխել սույն որոշման 3-րդ կետի 1, 2, 3, 4 և 5-րդ ենթակետերով սահմանված հողամասերի նպատակային նշանակությունը՝ այն դարձնելով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների «արդյունաբերական հողեր» գործառնական նշանակության հողեր:
6. Թույլատրել սույն որոշման 1-ին կետում նշված համայնքների ղեկավարներին սույն որոշման 5-րդ կետի համաձայն հողամասերի նպատակային նշանակությունը փոխելուց հետո հողամասերն առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով, տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը:
7. Սույն որոշումից բխող` պետական գրանցում պահանջող ձևակերպումները ֆինանսավորվում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023