Կառավարության որոշումներ

30 Հուլիսի 2015, 839 - Ա

ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 1-ին մասով և 89-րդ հոդվածի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. 2015 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2016 թվականի հունվարի 1-ը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինների կողմից, բացառությամբ հարկային և մաքսային մարմինների, ստուգումները կարող են իրականացվել միայն`
1) պետական կառավարչական հիմնարկներում, պետական ոչ առևտրային կամակերպություններում, համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, 100 տոկոս պետական բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում և 100 տոկոս համայնքային բաժնեմասով փակ բաժնետիրական ընկերություններում.
2) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում.
3) տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա.
4) մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների.
5) հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում (համապատասխան հիմնավորումներով)` միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ.
6) սույն որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:
2. Սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությունը`
1) ստանալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածով սահմանված պետական մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ են ներկայացնում ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվությունը, որն առնվազն պետք է ներառի՝
ա. ստուգման անհրաժեշտության առաջացման պատճառը և հիմնական ռիսկի գործոնները,
բ. առկա իրավիճակի նկարագիրը,
գ. ստուգման չիրականացման հետևանքով առաջացող հնարավոր վտանգները,
դ. ստուգման իրականացման դեպքում ակնկալվող արդյունքները.
2) տրամադրվելու կամ մերժելու դեպքում՝ վերջինիս վերաբերյալ և ստուգման անհրաժեշտությունը հիմնավորող տեղեկատվությունը տեղադրվում է www. e-gov.am կայքում:
3. 2015 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ իրականացվող ստուգումները, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով նախատեսված դեպքերի, կասեցվում են:
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշումը:

Հավելված
 

Արխիվ

2024

2023