Կառավարության որոշումներ

13 Օգոստոսի 2015, 935 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ ու 24-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Կենտրոն համայնք, Ծիծեռնակաբերդի զբոսայգի մարզահամալիր հասցեում գտնվող, Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2015 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ 27,568,962.455 հազ. դրամ գնահատված արժեքով 46335.7 քառ. մետր մարզամշակութային կենտրոնից, 40.0 և 50.0 քառ. մետր օժանդակ շինություններից, 2800.0 քառ. մետր ջրավազաններից և աստիճանից, 3851.3 քառ. մետր ջրավազանից և 1,575,037.555 հազ. դրամ կադաստրային արժեքով 9.559587 հա սեփական հողամասից բաղկացած անշարժ գույքը (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ) (հասցեն` ՀՀ, քաղ. Երևան, Հր. Քոչարի փող., շ. 22/15, Արաբկիր 0012):
2. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով օտարման ենթակա անշարժ գույքի վաճառքի գինը 30,000,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր, որի դրույթներն ուժի մեջ կմտնեն գնորդի կողմից սույն որոշման 2-րդ կետում և 4-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարումները սույն որոշման 7-րդ կետով սահմանված ժամկետում կատարելուց հետո:
4. Սահմանել, որ գնորդը պարտավոր է`
1) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման համար նախատեսված 2,120.0 հազ. դրամ գումարը.
2) իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
3) պետական գրանցում ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում առնվազն 6 ամիս ժամկետով և առնվազն 55.0 հազ. դրամ նվազագույն աշխատավարձով աշխատանքային պայմանագրեր կնքել սույն որոշման ընդունման պահին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունում փաստացի աշխատող 99 աշխատողի հետ.
4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում ստանալու օրվանից պահպանել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» անվանումը.
5) պահպանել մարզամշակութային համալիրի օգտագործման ուղղվածությունը.
6) 10 տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության հայտով համապատասխան նշանակություն ունեցող մինչև 5 միջոցառման, բայց ոչ ավելի, քան տարեկան 12 օր տևողությամբ, անվճար կազմակերպումը.
7) Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում քաղաքացիների համար ապահովել Ծիծեռնակաբերդ այցելելու անարգել ու անվճար սերվիտուտի իրավունք` հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու դեպքում.
8) «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմնին տալ պահպանական պարտավորագիր.
9) կատարել սույն որոշման հավելվածով նախատեսված ներդրումային ծրագիրը, որի կատարման սկիզբ է համարվում սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը:
5. Հավանություն տալ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրին՝ համաձայն հավելվածի:
6. Համաձայնություն տալ Երևանի քաղաքապետի՝ «ՆՏԱԱ ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով Երևան քաղաքի Կենտրոնի վարչական շրջանում՝ Կարեն Դեմիրճյան անվան մարզահամերգային համալիրի զբաղեցրած հողամասին հարող հատվածում գտնվող ընդհանուր 8.547 հա հողամասերի օտարման առաջարկությանը:
7. Սույն որոշմամբ նախատեսված գույքի վաճառքի գումարը, ինչպես նաև 4-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված վճարումը կատարել առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում՝ սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
8. Սույն որոշմամբ, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագրով ստանձնած պարտավորությունների չկատարման կամ թերի կատարման համար գնորդը կրում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով սահմանված կարգով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ապահովել գնորդի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ հսկողություն:
10. Սույն որոշման 3-րդ կետով նախատեսված պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ապահովել լուծարման հանձնաժողովի ստեղծումը` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ներկայացուցիչների:
12. Սահմանել, որ՝
1) «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման հաշվեկշիռը կազմելուց հետո առկա դրությամբ դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության պարտատերերի պահանջները բավարարելուց հետո դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ մնացած գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023