Կառավարության որոշումներ

19 Նոյեմբերի 2015, 1354 - Ն

«ԳՅՈՒՄՐՈՒ N 17 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 2-Ի N 774-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածների պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Գյումրու N 17 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 29.210.01912) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գյումրու ակադեմիական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 29.210.01886):
2. Սահմանել, որ «Գյումրու N 17 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Գյումրու ակադեմիական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու N 30 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կազմում «Գյումրու N 17 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 1-ին - 4-րդ դասարանների աշակերտների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին ու Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել՝
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) «Գյումրու N 17 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «Գյումրու ակադեմիական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Գյումրու ակադեմիական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում «Գյումրու ակադեմիական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել «Գյումրու N 17 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված N 52/0011 անհատույց օգտագործման մասին պայմանագրում սույն որոշումից բխող պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ «Գյումրու ակադեմիական վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 2-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 774-Ն որոշման հավելվածի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ» բաժնի 17-րդ կետը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


 

Արխիվ

2024

2023