Կառավարության որոշումներ

24 Դեկտեմբերի 2015, 1531 - Ն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 ՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ-ԱՇՏԱՐԱԿ ՄԱՅՐՈՒՂՈՒ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մարտի 24-ին ստորագրված Շրջանակային ֆինանսավորման համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված՝ Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Հին Սիլիկյան-Աշտարակ մայրուղու ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի ու հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել՝ առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը.
2) նպաստում է խցանումների առաջացմանը.
3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.
4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրները:
2. Նախքան Երևան քաղաքի Հին Սիլիկյան-Աշտարակ մայրուղու ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում՝ սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):
3. Գույքի և հողատարածքների օտարման իրականացման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների իրականացման ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթները համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի հունվարի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքի և հողատարածքների ներքին և արտաքին չափագրումը,
բ. գույքի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքների անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հավելված

Արխիվ

2024

2023