Կառավարության որոշումներ

4 Փետրվարի 2016, 103 - Ա

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ընդունել Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 18-ի N 90 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղու N 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 5.5601 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:
3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքը նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը (այսուհետ՝ ֆեդերացիա) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խանջյան 27)՝ ֆուտբոլի ակադեմիայի շենք կառուցելու նպատակով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ֆեդերացիայի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝
1) ֆեդերացիան պարտավորվում է նվիրաբերության մասին պայմանագրի կնքման օրվանից սկսած՝ հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի շենքի կառուցման նպատակով իրականացնել 300.0 մլն դրամի չափով ներդրում.
2) նախատեսված ներդրման ծավալները հինգ տարվա ընթացքում խախտելու դեպքում նվիրաբերությունը վերացվում է, և կատարված ներդրումները ենթակա չեն վերադարձման.
3) նվիրաբերության մասին պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ֆեդերացիայի միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023