3 Մարտի 2016, 237 - Ա
«ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածն ու 68-րդ հոդվածի 7-րդ մասը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ենթակայության «Սալսա դիվելոփմենթ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ սույն որոշման հավելվածում նշված ընդամենը 2,160,432,521 դրամ հաշվեկշռային արժեքով գույքով (այսուհետ՝գույք) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց՝ պահպանելով Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան 3/6 և 3/7 հասցեներում գտնվող օժանդակ շինությունների (էլեկտրաենթակայան) վարձակալ Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության վարձակալության իրավունքը:
2. Ընկերության կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` համապատասխան չափով նվազեցնել ընկերության կանոնադրական կապիտալը:
3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն գույքի առանձնացման ժամանակ հաշվարկվող ավելացված արժեքի հարկը վճարել «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով:
4. Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.
2) ընկերության կանոնադրական կապիտալի փոփոխումը և, դրանով պայմանավորված, կանոնադրության փոփոխության պետական գրանցումը:
Հավելված