Կառավարության որոշումներ

10 Մարտի 2016, 234 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ, ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ, ԲԱՐՁՐ ԼԵՌՆԱՅԻՆ, ԼԵՌՆԱՅԻՆ, ՄԻՆՉԵՎ 1000 ԲՆԱԿԻՉ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՆԼԱՐ (WI-FI) ԻՆՏԵՐՆԵՏԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԿԵՏԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՆՎԱԾ ԳՈՒՅՔՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԾՐԱԳՐՈՎ ԸՆՏՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով 2011 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված N 7963-AM վարկային համաձայնագիրը, ինչպես նաև ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 50-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` ընդունել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունվարի 26-ին ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) «Ազգային լայնաշերտ ինտերնետային հիմնացանց և կառավարական ցանց» ենթաբաղադրիչի շրջանակում իրականացվող՝ Հայաստանի Հանրապետության հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային, լեռնային, մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում անլար (Wi-Fi) ինտերնետի հասանելիության կետերի տեղադրման ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակում 2014 թվականի հուլիսի 30-ին կնքված 1.1.1-G-1/1; 1.1.1-G-1/2; 1.1.1-G-1/3; 1.1.1-G-1/4 պայմանագրերի հիման վրա «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի կողմից մատակարարված, ծրագրի շրջանակում համայնքներում տեղադրված և 2014 թվականի դեկտեմբերից շահագործվող ընդհանուր թվով 344 անլար (Wi-Fi երթուղիչ) ինտերնետ սարքավորումները որպես պետական սեփականություն` դրանք ծրագրով ընտրված գյուղական համայնքներին հանձնելու նպատակով՝ համաձայն հավելվածի:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության մարզպետներին սույն որոշման 1-ին կետում նշված անլար երթուղիչները նվիրաբերել ծրագրով ընտրված գյուղական համայնքներին` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում առնվազն ներառելով ծրագրի ավարտին հաջորդող երկու տարիների ընթացքում նվիրաբերվող անլար երթուղիչների համացանցին միացման, ինտերնետի առկայության և բնակչության հասանելիության՝ ներառյալ նվիրաբերվող անլար երթուղիչների անխափան աշխատանքի և էլեկտրական սնուցման ապահովման համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինների պարտականությունների վերաբերյալ պայմաններ:
Հավելված