Կառավարության որոշումներ

17 Մարտի 2016, 264 - Ն

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հանրային հատվածի կազմակերպությունների հիմնական միջոցների (այսուհետ՝ հիմնական միջոցներ) հաշվեկշռային արժեքը դրանց վերարտադրման գործող պայմաններին և իրական արժեքներին համապատասխանեցնելու, ինչպես նաև «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 4-րդ հոդվածի 1-ին մասի և 14-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել, որ օրենքով սահմանված հանրային հատվածի կազմակերպություններն օրենքի համաձայն սահմանված ժամանակացույցով նախատեսված` հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման տարվա հունվարի 1-ի դրությամբ պարտավոր են`
1) հաշվապահական հաշվառման նպատակով գույքագրել, վերագնահատել հիմնական միջոցները և դրանց արդյունքներն արտացոլել նոր համակարգին անցնելու տարվա ֆինանսական հաշվետվություններում: Հիմնական միջոցների գույքագրումն ու վերագնահատումն անցկացնել հաշվապահական հաշվառումը կարգավորող և համակարգող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից օրենքի համաձայն սահմանված իրավական ակտերի պահանջներին համապատասխան.
2) հիմնական միջոցների գույքագրումը և վերագնահատումն ավարտել մինչև հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցման տարվա ապրիլի 1-ը՝ բացառությամբ 2016 թվականի հունվարի 1-ից հաշվապահական հաշվառման նոր համակարգին անցում կատարող կազմակերպությունների, որոնց համար ավարտման ժամկետ սահմանել մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը: Հիմնական միջոցների գույքագրման և դրանց վերագնահատման արդյունքների մասին տեղեկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` վերջինիս կողմից սահմանված ձևաչափով:
2. Հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ մեթոդական, գործնական օգնություն ցույց տալ հանրային հատվածի կազմակերպություններին` հաշվապահական հաշվառման նպատակով հիմնական միջոցները գույքագրելու, վերագնահատելու և դրանց արդյունքները ֆինանսական հաշվետվություններում ժամանակին և ճիշտ արտացոլելու համար:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հիմնական միջոցները լրիվ և ժամանակին գույքագրելու և (կամ) վերագնահատելու նպատակով, Հայաստանի Հանրապետության հանրային հատվածի կազմակերպությունների գրավոր պահանջի համաձայն, նրանց տրամադրել նախարարությունում (գերատեսչությունում) առկա այն տեղեկությունները, որոնք կարող են անհրաժեշտ լինել հիմնական միջոցների գույքագրման, դրանց իրական արժեքով վերագնահատման աշխատանքների կատարումն ապահովելու համար:
4. Սույն որոշման կատարման նկատմամբ հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


 

Արխիվ

2024

2023