Կառավարության որոշումներ

15 Ապրիլի 2016, 406 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԵՏԱԿԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն 2015 թվականի հունիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի 7-րդ և 9-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) պատշաճ կերպով և ժամանակին իրականացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագրի (այսուհետ՝ համաձայնագիր) շրջանակներում տրամադրվող վարկի սպասարկումը.
2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսել լիազոր կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի գծով ավանսային վճարումների համար անհրաժեշտ միջոցներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրամադրած հայտի հիման վրա.
3) համաձայնագրի 8-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգի համաձայն` Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հաստատմանը ներկայացնել լիազոր կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերը, որոնք Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացվելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև 2015 թվականի օգոստոսի 31-ին ստորագրված համագործակցության հուշագրի:
2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
1) հստակեցնել Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի անվանացանկը.
2) Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների (այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայություն և «ՌոսՕբորոնԷքսպորտ» բաժնետիրական ընկերության) հետ քննարկել և ստորագրել տրամադրվող վարկի շրջանակներում ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման պայմանագրերը՝ դրանցում արտացոլելով մատակարարումների ծավալները, ժամկետները և գները:

 

Արխիվ

2024

2023