Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 444 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ և 688-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետն ու 5-րդ և 6.4 -րդ կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան քաղաքի Իջևանյան փողոց թիվ 8 հասցեում գտնվող՝ 55,710,000 դրամ շուկայական արժեքով, 949.3 քառ. մետր մակերեսով 5-րդ մասնաշենքը, 98.4 քառ. մետր մակերեսով ավտոտնակն ու 63.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը և դրանց օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 918.7 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ` անշարժ գույք) հետ վերցնել «Սպարտակ Սարգսյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 15 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը (այսուհետ` միություն) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Աբովյան փողոց թիվ 9)՝ միության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում միության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ՝
1) միությունը պարտավոր է սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վերանորոգման նպատակով՝ պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 2 տարվա ընթացքում կատարել 100,000,000 դրամի ներդրումներ՝ համաձայն միության կողմից ներկայացված ծրագրով նախատեսված ժամանակացույցի.
2) միությունը պարտավոր է սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր տարի ժամկետի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
3) սույն կետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում միությունը 3 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 20 (քսան) տոկոսի չափով.
4) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում միությունը 2 ամսվա ընթացքում պարտավոր է կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարված ներդրումների գումարի 15 (տասնհինգ) տոկոսի չափով.
5) միության կողմից սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի ոչ նպատակային օգտագործման կամ սույն որոշման 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում պայմանագիրը ենթակա է լուծման.
6) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ միության միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023