Կառավարության որոշումներ

28 Ապրիլի 2016, 447 - Ն

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ-2 (ԲԱԲԱՋԱՆՅԱՆՀԻՆ ՍԻԼԻԿՅԱՆ) ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՌԿԱ ԳՈՒՅՔԵՐԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին կնքված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» ներդրումային ծրագրով նախատեսված՝ Երևան քաղաքի հյուսիսը հարավին միացնող մայրուղու՝ Երևանի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում շինարարական աշխատանքների իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա գույքի և հողատարածքների սեփականատերերի շահերից, և ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել` առանց ճանապարհի կառուցման հատվածում գտնվող գույքերի և հողատարածքների օտարման, իսկ նախքան դրանց նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելը՝ անհրաժեշտ է կատարել նախնական ուսումնասիրման աշխատանքներ՝ հետևյալ հիմնավորումներով՝
1) հաշվի առնելով այն, որ Երևան քաղաքում ճանապարհային ցանցի գոյություն ունեցող իրավիճակը կտրուկ նվազեցնում է քաղաքում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակը.
2) նպաստում է խցանումների առաջացմանը.
3) հաճախակի հանգեցնում է տրանսպորտի երթևեկության կաթվածահարմանն ու շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակի վատթարացմանը.
4) Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված ճանապարհների կառուցումը կնպաստի Երևանի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվեն Երևան քաղաքում ավտոճանապարհների բեռնաթափման խնդիրները:
2. Նախքան Երևան քաղաքի Բաբաջանյան-Հին Սիլիկյան ճանապարհահատվածում առկա գույքի և հողատարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումը՝ կատարել գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրում սույն որոշման հավելվածում նշված հասցեներում (գտնվելու վայրը):
3. Գույքի և հողատարածքների օտարման համար պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակել Երևանի քաղաքապետին և վերջինիս լիազորել սույն որոշման 2-րդ կետում նշված նախնական ուսումնասիրման աշխատանքների ընթացքում հանդես գալ Հայաստանի Հանրապետության անունից:
4. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 2-րդ կետում նշված գույքի և հողատարածքների ձեռք բերողը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ օտարման գործառույթներ համակարգողը և պատասխանատու լիազոր մարմինը՝ Երևանի քաղաքապետը.
2) գույքի և հողատարածքների նախնական ուսումնասիրումն իրականացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում.
3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2017 թվականի հուլիսի 15-ն է.
4) նախնական ուսումնասիրման ընթացքում կատարվելիք գործողություններն են՝
ա. գույքի և հողատարածքների ներքին և արտաքին չափագրումը,
բ. գույքերի և հողատարածքների տեղազննությունը, ֆոտո և տեսաամրագրումը,
գ. ծառերի, մշակաբույսերի տեղազննությունը և հաշվառումը,
դ. բարելավումների տեղազննությունը և հաշվառումը,
ե. մարդահամար և սոցիալ-տնտեսական հետազոտության անցկացումը,
զ. ազդեցության ենթարկված անձանց, նրանց ընտանիքի անդամների (անձնագիր, սոցիալական քարտ և այլն), գույքերի և հողատարածքների (սեփականության վկայական, վարձակալության պայմանագիր, գլխավոր հատակագիծ և այլն) վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի տեսածրումը (սկան) և հավաքագրումը,
է. ուսումնասիրված գույքի և հողատարածքների նկարագրության արձանագրությունների կազմումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Արխիվ

2024

2023