Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 602 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ (այսուհետ՝ հոսպիտալ):
2. Հոսպիտալի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, Գեղարքունիքի մարզ, քաղ. Վարդենիս, Վ. Համբարձումյան 93:
3. Սահմանել, որ հոսպիտալի՝
1) գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելն է.
2) խնդիրներն են`
ա. օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը),
բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.
3) գործառույթներն են`
ա. օրենքով սահմանված կարգով զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը,
բ. օրենքով սահմանված կարգով ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը,
գ. օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը,
դ. փոխգործակցության իրականացումն առողջապահության ոլորտի մարմինների, քաղաքացիական բժշկական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ,
ե. հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը,
զ. ռազմական բժշկագիտության ոլորտում միջազգային փորձի օգտագործումը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:


 

Արխիվ

2024

2023