Կառավարության որոշումներ

9 Հունիսի 2016, 603 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկ (այսուհետ՝ հոսպիտալ):
2. Հոսպիտալի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, գյուղ Աղիտու:
3. Սահմանել, որ հոսպիտալի՝
1) գործունեության նպատակն օրենքով սահմանված կարգով զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումն ապահովելն է.
2) խնդիրներն են`
ա. օրենքով սահմանված կարգով տրված լիցենզիայի շրջանակներում զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը (տրամադրումը),
բ. զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև բնակչության բժշկահիգիենիկ դաստիարակության և առողջապահության բնագավառի իրավական ակտերով սահմանված կանխարգելիչ միջոցառումների իրականացումը.
3) գործառույթներն են`
ա. օրենքով սահմանված կարգով զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության իրականացումը,
բ. օրենքով սահմանված կարգով ավագ և միջին բուժանձնակազմի շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին մասնակցությունը,
գ. օրենքով սահմանված կարգով կրտսեր բուժաշխատողներին անհրաժեշտ հմտությունների և փորձի փոխանցումը,
դ. փոխգործակցության իրականացումն առողջապահության ոլորտի մարմինների, քաղաքացիական բժշկական և գիտահետազոտական կազմակերպությունների հետ,
ե. հետազոտական, գիտական և փորձարարական աշխատանքների իրականացումը, գիտահետազոտական և գիտակրթական նորարարական մեթոդների ներմուծումն ու կիրառումը,
զ. ռազմական բժշկագիտության ոլորտում միջազգային փորձի օգտագործումը:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝
1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, թվաքանակը, հանձնվող (ամրացվող) գույքի, այդ թվում` զենքի և ռազմամթերքի կազմը, դրա օգտագործման կարգը.
2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

 

Արխիվ

2024

2023