Կառավարության որոշումներ

25 Օգոստոսի 2016, 862 - Ա

ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ՔԱՆԴՄԱՆ (ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ) ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել սույն որոշման հավելվածում ներառված Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի (ներառյալ հիմքերը) քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման գործընթացը՝ նախապես վարվող բանակցությունների միջոցով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ընտրելով լիցենզավորված շինարարական կազմակերպություն:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման 1-ին կետում նշված շենք-շինություններն անհատույց սեփականության իրավունքով հանձնվում են նախապես վարվող բանակցությունների միջոցով ընտրված կազմակերպություններին՝ մինչև 2016 թվականի դեկտեմբերի 20-ը դրանց քանդման (ապամոնտաժման) աշխատանքներն իրականացնելու համար.
2) շենքերի հիմքերի ոչ ամբողջական քանդման անհրաժեշտության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) լուծել սույն որոշման հավելվածում ներառված Երևան քաղաքի Ն. Ստեփանյան փողոց թիվ 5 հասցեում գտնվող Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հանրակրթական դպրոց և Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Առաքելյան 47 ա հասցեում գտնվող Թիվ 153 դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերը.
2) սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետում համապատասխան կազմակերպություն չընտրելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նոր առաջարկություն ապամոնտաժման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
4. Առաջարկել Երևանի քաղաքապետին և հանձնարարել Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզպետներին իրականացնել սույն որոշման հավելվածում նշված դպրոցների հաշվեկշռում գտնվող գույքի (բացառությամբ շենքերի և շինությունների) պահպանման աշխատանքների իրականացումը` մինչև տվյալ դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման ավարտը:
5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ մինչև սույն որոշման հավելվածում նշված դպրոցների փոխարեն նոր դպրոցների կառուցման աշխատանքների ավարտը՝ ապահովել այդ դպրոցների աշակերտների՝ հանրակրթական ծրագրերով բնականոն ուսուցման կազմակերպումը:

Հավելված

Արխիվ

2024

2023