Կառավարության որոշումներ

2 Սեպտեմբերի 2016, 899 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 582-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ «ՆՈՐՔ» ՏԵՂԵԿԱՏՎԱՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման 3-րդ կետում «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը» բառերը փոխարինել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը» բառերով:
2. Թույլատրել «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու 68 հասցեում գտնվող՝ բաժնային սեփականության իրավունքով իրեն պատկանող 0.11 հեկտար հողատարածքը և սեփականության իրավունքով իրեն պատկանող 1544.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (որից՝ 1.3 քառ. մետր պարիսպ) (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 2014 թվականի մայիսի 15-ի N 15052014-01-0236 վկայական)՝ 27,790.0 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով (այսուհետ՝ անշարժ գույք), սույն որոշման հավելվածում նշված շարժական գույքը, ինչպես նաև նյութական և ոչ նյութական ակտիվները (բացառությամբ դեբիտորական պարտքերի և դրամական միջոցների) անհատույց օտարել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ՝
1) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող անշարժ և շարժական գույքի, ոչ նյութական ակտիվների անհատույց օտարման պայմանագրերի կնքումը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում.
2) ապահովել սույն որոշման 2-րդ կետից բխող նյութական ակտիվների անհատույց օտարման պայմանագրերի կնքումը և ակտիվների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը՝ սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում.
3) սույն կետում նշված պայմանագրերում նախատեսել, որ դրանց կնքումը և դրանից բխող՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են ընկերության միջոցների հաշվին:
4. Սույն որոշման 2-րդ կետում նշված անշարժ գույքն անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամին (հասցեն՝ քաղ. Երևան, Կարապետ Ուլնեցու 68, գրանցման համարը՝ 222.160.47002, այսուհետ՝ հիմնադրամ):
5. Սույն որոշման 2-րդ կետում նշված շարժական գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները, որպես կամավոր գույքային ներդրում, հանձնել հիմնադրամին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված անշարժ գույքը, շարժական գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հանձնելուց հետո երկամսյա ժամկետում անշարժ գույքը, շարժական գույքը, նյութական և ոչ նյութական ակտիվները հիմնադրամին տրամադրելու (հանձնելու) պայմանագրերի կնքումը՝ դրանցում նախատեսելով, որ՝
1) հիմնադրամը պարտավորվում է անշարժ գույքն օգտագործել հիմնադրամի ներկայացրած գործարար ծրագրին համապատասխան.
2) նշված պայմանագրերի կնքումը և դրանից բխող՝ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են հիմնադրամի միջոցների հաշվին.
3) եթե ընկերության դրամական միջոցները բավարար չեն ընկերության պարտավորությունները մարելու համար, ապա այդ պարտավորությունները մարում է հիմնադրամը՝ սեփական միջոցների հաշվին:
7. Ընկերության գույքը, ինչպես նաև նյութական և ոչ նյութական ակտիվները Հայաստանի Հանրապետությանն անհատույց օտարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ընկերությունը:
8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (մեկ անդամ), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ՝ հանձնաժողովի նախագահ և հանձնաժողովի անդամ-քարտուղար), Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (մեկ անդամ), կազմակերպությունը կառավարող պետական կառավարման լիազորված մարմնի (մեկ անդամ) և կազմակերպության գտնվելու վայրի պետական կառավարման տարածքային մարմնի (մեկ անդամ) ներկայացուցիչներին:
9. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝
1) լուծարման հանձնաժողով ստեղծելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ընկերության համապատասխան փաստաթղթերի և գույքի, այդ թվում՝ դրամական միջոցների, արժեթղթերի և գույքային իրավունքների հանձնումը լուծարման հանձնաժողովին.
2) ապահովել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սոցիալական պաշտպանության ոլորտի տեղեկատվական համակարգի սպասարկման (կատարելագործման), շահագործման և տեղեկատվության տրամադրման ծառայությունների, ինչպես նաև կենսաթոշակային համակարգի հանրային իրազեկման աշխատանքների համար նախատեսված միջոցների շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնադրամի հետ ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը:
10. Սահմանել, որ՝
1) ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.
2) ընկերության լուծարումից հետո մնացած դրամական միջոցները, որպես կամավոր գույքային ներդրում, հանձնվում են հիմնադրամին.
3) սույն որոշման 3-րդ կետում նշված գույքը նույն կետում նշված պայմանագրերն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու օրն անհատույց օգտագործում է ընկերությունը.
4) եթե սույն որոշման 6-րդ կետում նշված պայմանագրերն ուժի մեջ են մտնում սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու օրվանից հետո, ապա որոշման 1-ին կետն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև այդ պայմանագրերն ուժի մեջ մտնելու օրը՝ սույն որոշման 3-րդ կետում նշված գույքն անհատույց օգտագործում է հիմնադրամը: Սույն ենթակետի գործողությունը չի տարածվում այն դեպքերի վրա, երբ գույքի անհատույց օգտագործման համար օրենքով սահմանված է իրավունքի պետական գրանցման պահանջ:
11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը՝ բացառությամբ սույն որոշման 1-ին և 7-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի դեկտեմբերի 1-ից:

Հավելված

Արխիվ

2024

2023