Կառավարության որոշումներ

15 Սեպտեմբերի 2016, 960 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի
N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Երիտասարդության փողոցի N 8/3 հասցեում գտնվող` 587.5 քառ. մետր մակերեսով անշարժ գույքը (այսուհետ` գույք) և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.192 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի հուլիսի 11-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը` 3 165 200 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը՝ 3 165 200 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.192 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը՝ 5 644 800 դրամ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) առաջին մրցույթի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր մրցույթներ, ընդ որում՝ յուրաքանչյուր հերթական մրցույթի ժամանակ գույքի վաճառքի գինը նվազեցնելով վերջին մրցույթի գնի 20 տոկոսի չափով.
4) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ՝ գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար նախատեսված 150 000 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո՝ մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները՝
1) օտարվող գույքի համար առաջարկվող գինը.
2) ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6. Սահմանել, որ մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարում է «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Արխիվ

2024

2023