Կառավարության որոշումներ

29 Սեպտեմբերի 2016, 1001 - Ա

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն


Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Երևան քաղաքի Տերյան 72 հասցեում գտնվող 1-ին մասնաշենքի կիսանկուղային և նկուղային հարկերից 146 850 000 դրամ շուկայական արժեքով, 504.8 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (այսուհետ՝ տարածք) հետ վերցնել «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և 10 տարի ժամկետով, ուղղակի ձևով վարձակալությամբ տրամադրել «149 Վ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի պետական գրանցման համարը` N 264.110.878933) (այսուհետ՝ ընկերություն):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և «149 Վ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2016 թվականի հունվարի 22-ին կնքված՝ Երևան քաղաքի Տերյան 72 հասցեում գտնվող՝ 308.9 քառ. մետր մակերեսով տարածքի վարձակալության պայմանագրի լուծման և վարձակալության իրավունքի դադարման պետական գրանցման հետ կապված աշխատանքների կատարումը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2012 թվականի հուլիսի 14-ին կնքված ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման N 84/0012 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում ընկերության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վարձակալության պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր):
4. Պայմանագրում սահմանելով, որ`
1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը՝ հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 որոշմամբ սահմանված կարգով կազմում է 270 000 դրամ.
2) վարձակալության հանձնված տարածքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.
3) ընկերությունը պարտավորվում է պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում կատարել 80 մլն. դրամի ներդրումներ՝ տարածքի հիմնանորոգման համար.
4) ընկերությունը պարտավոր է սույն կետի 3-րդ ենթակետով նախատեսված ներդրումների կատարումը հավաստող համապատասխան փաստաթղթերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո 15-օրյա ժամկետում.
5) սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված ներդրումային պարտավորությունները չկատարելու կամ մինչև 50 տոկոս կատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 3 ամսվա ընթացքում կատարել նախատեսված, բայց չկատարած ներդրումներն ամբողջությամբ՝ միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք չկատարված ներդրումների գումարի 20 տոկոսի չափով.
6) սահմանված ժամկետում նախատեսված ներդրումները 50 կամ ավելի տոկոսով կատարելու, սակայն ամբողջությամբ չկատարելու դեպքում ընկերությունը պարտավոր է 2 ամսվա ընթացքում կատարել նախատեսված և չկատարած ներդրումներն ամբողջությամբ` միաժամանակ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տուգանք՝ չկատարած ներդրումների գումարի 15 տոկոսի չափով.
7) ընկերության կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում սույն որոշման հիման վրա կնքված պայմանագիրը ենթակա է լուծման.
8) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման ընկերության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ յուրաքանյուր բյուջետային տարվա վերջում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից, որպես դրամաշնորհ, սույն որոշման համաձայն կնքված պայմանագրով վարձակալի կողմից փաստացի վճարված գումարի 20 տոկոսի չափով «Հայաստանի ազգային գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու վերաբերյալ:

 

Արխիվ

2024

2023