Կառավարության որոշումներ

6 Հոկտեմբերի 2016, 1048 - Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի N 28 հասցեում գտնվող՝ 7809.9 քառ. մետր մակերեսով շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասից բաժնային մաս հանդիսացող՝ 0.252044 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) օտարել դասական աճուրդով:
2. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը՝ 13 223 413.6 հազ. դրամ.
2) աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 13 223 413.6 հազ. դրամ.
3) որ աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ՝ 0.252044 հեկտար հողամասի կադաստրային արժեքը` 151 226.4 հազ. դրամ.
4) որ աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 600 հազ. դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է՝
ա. գույքի հանձնում-ընդունումից հետո՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառի լիազորված մարմնին տրամադրել հուշարձանի պահպանական պարտավորագիր, ինչպես նաև գույքի օգտագործման նպատակի և բնույթի փոփոխումները համաձայնեցնել պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության բնագավառում
լիազորված մարմնի հետ, իսկ ներդրումների իրականացմամբ հուշարձանի փոփոխումը՝ միայն լիազորված մարմնի եզրակացության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ,
բ. իր միջոցների հաշվին վճարել պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ գույքը գնորդին հանձնվում է օտարման մասին պայմանագրի ստորագրման օրվանից սկսած՝ եռամսյա ժամկետում:
5. Աճուրդի հաղթողը պարտավոր է վճարումները կատարել աճուրդի արձանագրության ստորագրման օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
 

Արխիվ

2024

2023